Դատարանը բավարարեց Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, սակայն նա դեռ կալանավորված չէ

Գուրգեն Խաչատրյանը, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը` 2 ամսով կալանավորել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին: Այս մասին «Ազատությանը» հայտնեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

Հարցին, թե նա արդեն կալանավորվա՞ծ է, պաշտպանը պատասխանեց` ոչ, և հավելեց` այդ մասին Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել: Իսկ թե որտեղ է Խաչատրյանը հիմա, Երեմ Սարգսյանն ասաց, որ այս մասով հիմք ընդունեն տարածված հայտարարությունը:

Նշենք, որ վերոնշյալ հայտարարության մեջ ասված է, որ առաջադրված մեղադրանքը «պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է»։ «Բարոյական գնահատական չեմ հնչեցնի. մարդիկ տեսնում ու վերլուծում են ամեն ինչ։ Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը»,- նշել է Խաչատրյանը:

Նախքան այս որոշումը նրա նկատմամբ որպես խափան միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի` «Յուքոմի» հիմնական սեփականատերերից մեկը հանդիսացող՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը փոփոխվել է, և ավելացվել է նորը, փաստաբանների բնութագրմամբ, որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն։ Նրան կալանավորման միջնորդություն էր ներկայացվել:

Երեմ Սարգսյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ քրեական գործն առնչվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին։ Վերջինս ապրիլի 25-ին 2 ամսով կալանավորվել էր՝ կաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով, նրա գործը ևս քննում է ԱԱԾ-ն։ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։

Օրերս ԱԱԾ-ն առանց անուններ նշելու հայտարարել էր, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախագահին, այնուհետև ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք:

Հավելենք նաև, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել «Յուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, հետո էլ «Յուքոմ» ընկերությունում։ Խաչատրյանի փաստաբաններից Արթուր Պիվազյանի պնդմամբ՝ ԱԱԾ-ն ապօրինի է խուզարկել Խաչատրյանի մեքենան, բացի այդ, առանց դատարանի թույլտվության առգրավվել է նրա համակարգիչը։