Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 3,1 միլիոնը, ապաքինվել է շուրջ 956 հազար, մահացել՝ 218 հազար մարդ

ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածին հոսպիտալացնում են, Նյու Յորք, ապրիլ, 2020թ.

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոն 140 հազարի, ապաքինվածների թիվը շուրջ 956 հազար է, մահացածներինը՝ 218 հազար:

Միայն վերջին օրվա ընթացքում մահացել է մոտ 5,5 հազար մարդ՝ հազարով ավելի, քան նախորդ օրը: Պատճառը ԱՄՆ-ում մահացության կտրուկ աճն է: Նյու Յորքն ամենից շատ տուժած նահանգներից է, այնտեղ նահանգապետը չի խոստանում կարանտինի թուլացում առնվազն մինչև մայիսի 15-ը:

Կորոնավիրուսից մահացած ամերիկացիների թիվը գերազանցել է Վիետնամի պատերազմում զոհվածների թիվը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով ՝ Միացյալ Նահանգներում Covid-19-ից մահացել է մոտ 60 հազար մարդ: Վիետնամի պատերազմի 20 տարիների ընթացքում ամերիկյան բանակը կորցրել է մոտ 58 հազար մարդ: Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցում է մեկ միլիոնը, սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:

Իսկ Եվրոպայում համաճարակից առավել տուժած երկրներում մահացությունը շարունակում է նվազել:

Իսպանիայում և Ֆրանսիայում կարանտինից դուրս գալու պլաններ են ներկայացվել: Դա կլինի աստիճանաբար և կսկսվի շուկաների բացմամբ, ռեստորաններն ու բարերը կբացվեն ամենավերջում:

Ավստրիան մայիսի 1-ից հանում է կարանտինը. Այնտեղ կթույլատրեն հավաքվել 10-հոգանոց խմբերով:

Ռուսաստանում հայտնաբերված Covid-19-ի դեպքերն արդեն ավելի շատ են, քան Չինաստանում և Իրանում: Մոսկվայում երեքշաբթի օրը գրանցվեց մահացության ռեկորդ ՝ 67 մարդ: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նոր հանձնարարականներ է տվել կորոնավիրուսային վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման համար. բժիշկներին խնդրել են առանձնացնել մահացությունները Covid-19-ից և կորոնավիրուսի հետ կապված՝ քրոնիկ հիվանդություններով պայմանավորված մահացությունները: Դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի մահացության պաշտոնական թվերի նվազմանը: Բացի այդ, հիվանդանոցներին խորհուրդ է տրվում «նվազեցնել անձնական պաշտպանիչ պարագաների օգտագործումը» և կորոնավիրուսով հիվանդներին դուրս գրել՝ առանց սպասելու թեստի բացասական արդյունքներին:

Ռուսաստանի նախագահը երեկ հայտարարեց, որ «ոչ աշխատանքային օրերը» երկարաձգվում են մինչև մայիսի 11-ը ներառյալ, քանի որ «պիկը դեռ չի անցել»: Վլադիմիր Պուտինն առաջարկեց ապրիլի 28-ը շտապ օգնության բժիշկների օր հայտարարել: Իսկ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին հրավառություն կլինի և ինքնաթիռների շքերթ: