Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն համաճարակի դեմ պայքարում կարևոր է համարում տարածաշրջանային ու գլոբալ համերաշխությունը


«Կորոնավիրուսի համաճարակի վերջը դեռ չի ուրվագծվում», - երեկ զգուշացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)` հորդորելով չկորցնել զգոնությունը, շարունակել զանգվածային թեստավորումը, վարակակիրների մեկուսացումն ու բուժումը:

«Երկրորդ ալիքի վտանգը թևածում է օդում», - ասաց կազմակերպության ղեկաբար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ընդգծելով․ - «Կկանգնենք դրա առաջ, թե ոչ` կախված է մեզանից ու այն քայլերից, որ կձեռնարկենք վերջնական հաղթանակի հասնելու համար: Ամեն ինչ մեր ձեռքում է, եթե մենք ճիշտ ռազմավարություն որդեգրենք, կկարողանանք կանխել երկրորդ ալիքը։ Սակայն այս հարցում միայն մեկ պետության մակարդակով իրականացվող քայլերը բավարար չեն, շատ կարևոր է տարածաշրջանային ու գլոբալ համերաշխությունը»:

Համաճարակի ավարտի նման, սակայն, համաշխարհային համերաշխությունն էլ դեռ չի ուրվագծվում: Երեկ Միացյալ Նահանգների նախագահը վերստին մեղադրեց Չինաստանին վիրուսի տարածման համար՝ ընդգծելով, որ իր վարչակազմը լուրջ հետաքննություն է իրականացնում, որպեսզի պարզի իրականությունն ու պատասխանատվության կանչի այդ երկրի իշխանություններին․ - «Մենք շատ լուրջ քննություն ենք իրականացնում, և գոհ չենք Չինաստանից: Դժգոհ ենք, քանի որ վստահ ենք, որ հնարավոր էր այս իրավիճակը կանխել հենց բռնկման օջախում, և այդ դեպքում այն չէր տարածվի աշխարհով մեկ: Իսկ դա չի արվել»:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն իր հերթին օրեր առաջ պնդել էր, թե նույնիսկ այն ժամանակ, երբ Չինաստանը տեղեկացրել է Առողջապահության համաշխարհաին կազմակերպությանը Ուհանում հայտնաբերված նոր վիրուսի մասին, Պեկինը, միևնույնն է, ողջ տեղեկատվությունը չի փոխանցել միջազգային համայնքին․ - «Նրանք թաքցրել են, թե որքան վտանգավոր է այս հիվանդությունը։ Ավելի քան մեկ ամիս չեն հաղորդել մարդուց մարդուն փոխանցման մասին, մինչև որ վարակն արձանագրվել է Չինաստանի բոլոր նահանգներում»:

Չինաստանը երեկ կրկին հերքել է այս մեղադրանքները։ Երկրի արտգործնախարարության խոսնակը Թվիթերում հորդորել է դադարեցնել քաղաքական խաղերն ու էներգիան խնայել մարդկային կյանքեր փրկելու համար:

Պեկինն է՛լ ավելի կոշտ է արձագանքել Ավստրալիայի իշխանություններին, որոնք պահանջում են վիրուսի բռնկման ու տարածման շուրջ անկախ ու միջազգային հետաքննություն անցկացնել:

«Չինացի սպառողները կարող են բոյկոտել ավստրալական միսը, գինին, դադարեցնել զբոսշարջային այցերը», - տեղական թերթերից մեկին տված հարցազրույցում երեկ սպառնացել է Չինաստանի դեսպանը: Ավստրալիայի կառավարությունն այսօր պարզաբանում է պահանջել դիվանագետից՝ ընդգծելով, որ Կանբերան չի ընկրկի տնտեսական շանտաժի առջև:

Փոխադարձ այս մեղադրանքների ու կշտամբանքերի ֆոնին վարակի դեպքերը երեկ աշխարհում անցան երեք միլիոնի շեմը, մահացածներինը` 200 հազարը:

Չինաստանից բացի, որն առաջինն էր արձանագրել ու սկսել վարակի դեմ պայքարը, առայժմ միայն մեկ երկիր է հայտարարել հաղթանակի մասին` Նոր Զելանդիան, որտեղ մի քանի օր է հատուկենտ դեպքեր են արձանագրվում: Մոտ 5 միլիոն բնակչություն ունեցող երկիրը, սակայն, այս արդյունքին հասել է մեկ ամիս շարունակված կարանտինից հետո, ընդ որում, ըստ Ռոյթերզի, այդ երկրի կառավարությունը առաջիններից մեկն էր գնացել սահմանափակումների և ընտրել ամենախստագույն ռեժիմներից մեկն աշխարհում: Այսօր երկրում օրական ութ հազար թեստ է արվում, վարակի տարածումը վերահսկելու համար լայնորեն օգտագործվում են նոր տեխնոլոգիաները։

Երկրի վարչապետ Ջեսիկա Արդերնը, սակայն, հորդորում է չթուլանալ ու զգոնությունը չկորցնել. - «Այսօր, երբ մի շարք սահամանափակումներ կհանվեն, ու շատերը կվերադառնան աշխատանքի, մենք պետք է շատ ավելի աչալուրջ լինենք, պետք է շարունակենք մնալ տանը, եթե հնարավոր է՝ շարունակենք տնից աշխատել ու կրթվել: Խնդրում եմ, սահմանափակեք ճանապարհորդությունները՝ եթե դրանք ծայրահեղ անհրաժեշտ չեն»:

Դրական տեղաշարժ է նկատվում նաև Եվրամիության երկրներում` թույլ տալով կառավարություններին աստիճանաբար մեղմել սահմանափակումները: Չեխիայում, օրինակ, երեկ 41 նոր դեպք է արձանագրվել` ամենացածր ցուցանիշը վերջին վեց շաբաթների մեջ, մի շարք խանութներ բացվել են։ Բաց են նաև մարզասրահները, բայց՝ հատուկ կանոններով․ մարզվելիս անհրաժեշտ է պահպանել երկու մետր հեռավորություն ու դիմակ կրել: Չխախտելով նորմերը` տեղական կազմակերպություններից մեկը հաջողել է անգամ արվեստի փառատոն կազմակերպել. Պրահայի այգիներից մեկում մի քանի օր է հսկայական էկրանին բեմադրություններ, կատակերգություններ ու ֆիլմեր են ցուցադրվում, միայն թե հանդիսատեսը պարտավոր է դրանց հետևել` առանց սեփական ավտոմեքենայից դուրս գալու:

«Մեր այս`արտառոց ժամանակները ստիպում են գնալ արտառոց լուծումների», - հայտարարել են փառատոնի կազմակերպիչները: Նույն կարգախոսին հետևելով՝ ավելի քան երկու տասնյակ միջազգային կինոփառատոներ, այդ թվում` հեղինակավոր Կանն ու Նյու Յորքի Tribeca-ն, այս տարի որոշել են միավորվել և մայիսի 29-ից տասնօրյա հեռարձակում ապահովել YouTube֊ում: Կազմակերպիչները խոստանում են տասնյակ նոր ֆիլմեր, վավերագրություններ ու հարցազրույցներ աշխարհահռչակ աստղերի հետ:

«Մեր նպատակն է ոգեշնչել ու ոգևորել մարդկանց աշխարհով մեկ», - հայտարարել է նախաձեռնությանը միացած Tribeca֊ի համահիմնադիր Ջեյն Ռեզենտալը՝ ընդգծելով, որ մոլորակն այժմ ավելի քան երբևէ «գոտեպանդման ու ապաքինման կարիք ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG