Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վերադառնում է աշխատանքի

Մեծ Բրիտանիա - Վարչապետ Բորիս Ջոնսոնը տեսաուղերձով է հանդես գալիս, 12-ը ապրիլի, 2020թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր վերադառնում է աշխատանքային պարտականությունների կատարմանը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Բրիտանական կառավարության ղեկավարը հարկադիր պարապուրդի մեջ էր հայտնվել մեկ ամիս առաջ, երբ բժիշկները նրա մոտ կորոնավիրուս էին հայտնաբերել: Սկզբնական շրջանում Ջոնսոնը բուժման կուրս էր անցում տնային պայմաններում, սակայն ապրիլի սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացավ: Բորիս Ջոնսոնը մոտ մեկ շաբաթ անցկացրեց Լոնդոնի «Սեյնթ Թոմաս» հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, որտեղ, մի շարք տեղեկությունների համաձայն, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: