Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոնի, համաճարակի զոհերի թիվը` 207 հազարի, բուժվել է շուրջ 881 հազար մարդ:
Մահվան դեպքերի ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է՝ ավելի քան 55 հազար մարդ, վարակվածների ընդհանուր թիվը երկրում մոտ 986 հազար է:
Մահացությունը Միացյալ Նահանգներից հետո բարձր է նաև Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, սակայն այս չորս եվրոպական երկրներում վերջին օրերին զգալիորեն նվազել է:
Իտալիայի վարչապետը հայտարարել է սահմանափակումների մասնակի վերացման մասին մայիսի 4-ից: Կբացվեն նաև թանգարանները:
Ավելի շատ նահանգներ են թուլացնում կարանտինային միջոցառումները ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայի վարչապետը քաղաքից դուրս գտնվող իր նստավայրից վերադարձել է Դաունինգ Սթրիթ և այսօր կվերսկսի աշխատանքը: Ըստ բրիտանական Telegraph թերթի՝ Բորիս Ջոնսոնը հայտարարություն կանի մեկ ամսով սահմանված կարանտինը մեղմացնելու վերաբերյալ:
Մեծ քսանյակի երկրների առաջնորդների տեսակոնֆերանսը տեղի չի ունեցել, ըստ South China Morning Post-ի աղբյուրների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործունեության գնահատման հարցում Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունների պատճառով:
Չինական Ուհան քաղաքում, որտեղից տարածվել է կորոնավիրուսը աշխարհով մեկ, Covid-19-ով վերջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, հայտնում է Սպիտակ տունը: Ըստ հաղորդագրության՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում դրական գործընթացները և աշխարհի երկրների տնտեսությունների վերաբացման ուղղությամբ առաջընթացը: Զրուցակիցները հույս են հայտնել, որ շուտով կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների հանդիպումը, որպեսզի քննարկեն համաճարակի դեմ պայքարը: