Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլքսանչորսյան ուղերձով, որում կրկին օգտագործել է Մեծ Եղեռն տերմինը։ Չնայած անցած տարի ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները, այդ թվում Ներկայացուցիչների պալատը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ, իսկ Սենատը՝ միաձայն, ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը` շրջադարձային փոփոխություն մտցնելով ամերիկյան քաղաքական ուղեգծում, այդուհանդերձ Սպիտակ տան ղեկավարը կրկին խուսափեց կիրառել Հայոց ցեղասպանություն տերմինը:
«Այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանը՝ հիշելով 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին», - ասված է նախագահ Թրամփի ուղերձում, որը հրապարակված է այսօր Սպիտակ տան պաշտոնական կայքէջում:
«Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին։ Հիշատակի այս օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը` ի նպաստ ավելի մարդասեր ու խաղաղ աշխարհի», - նաև հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:
«Ամեն տարի ապրիլի 24-ին մենք անդրադառնում ենք Ամերիկայի և հայ ժողովրդի միջև ամուր և տևական կապերին: Հպարտանում ենք Ամերիկայի հայկական և սիրիական նպաստամատույց կոմիտեն հիմնած ամերիկացիներով, 1915 թվականին սկիզբ առած առաջադեմ նախաձեռնություն, որն այնքան անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր հասցնում հայ փախստականներին, և շնորհակալ ենք հազարավոր ամերիկացիներից, որոնք օգնեցին իրենց տներից տեղահանված հայերին», - ասվում է Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձում:
«Այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի արիությանն ու տոկունությանը: Երջանիկ ենք, որ բազմաթիվը հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին դեպի մեր ափեր և մեծ ներդրում ունեցան մեր երկրի կյանքում՝ լինելով զինվորներ, նշանավոր արվեստագետներ, հայտնի արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ», - ընդգծում է Միացյալ Նահանգների նախագահը:
Ամփոփելով՝ Թրամփը հայտարարում է. - «Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու՝ հայերի և թուրքերի ջանքերը։ Մենք հավատում ենք, որ մեր պարտականությունն է ոգեկոչել նրանց, ովքեր տառապել են և զոհվել, և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պաշտպանելու աշխարհում կրոնական և էթնիկ փոքրամասնություններին»: