Ընդդիմադիր ուժերի համոզմամբ՝ իրենց հուշահամալիր այցելելու հնարավորություն պետք է տրվեր

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի համոզմամբ՝ իշխանությունը պետք է հնարավորություն տար քաղաքական ուժերին, թեկուզ փոքր կազմով, այսօր այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, 24-ը ապրիլի, 2020թ.

Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հուշահամալիր տանող ճանապարհները բոլորի համար փակելու կառավարության որոշումն այնքան էլ ճիշտ չէր։ Այդ սահմանափակումը ուռճացված էր, արդյունքում Ցեղասպանության հուշահամալիր այցելելու հնարավորություն ունեցան միայն իշխող ուժի ներկայացուցիչները։

«Ես կարծում եմ, որ հնարավոր էր ամբողջ օրվա ընթացքում տալ հնարավորություն տարբեր խմբերի՝ իրենց գոնե մեկ ներկայացուցչին ուղարկեին հուշահամալիր: Քաղաքական ուժերից մեկ մարդ կամ երկու մարդ ինչ-որ ժամերի գնային, և որևէ կուտակում չէր լինի և դժգոհություն էլ չէր առաջանա դրա արդյունքում», - ասաց Մարուքյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, թե քանի որ հնարավորություն չունի այցելել Ծիծեռնակաբերդ, ստիպված մեկնել է Վանաձոր, որտեղ Հայոց ցեղասպանության խաչքարի մոտ ծաղիկներ է խոնարհելու։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, արդեն հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ նախօրեին այցելելով Ծառուկյանի կողմից կառուցված Նուբարաշենի Սուրբ Նահատակաց եկեղեցի։

Ինչպես ընդգծեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պահպանելով սոցիալական հեռավորությունը, իրենք մոմավառություն են իրականացրել։ Զոհրաբյանը քաղաքացիների հոսքը դեպի հուշահամալիր արգելելու կառավարության որոշումը ճիշտ է համարում, քանի որ հազարավոր քաղաքացիներ, չնայած գործող սահմանափակումներին՝ միևնույն է գնալու էին Ծիծեռնակաբերդ, մեծացնելով վարակի տարածման վտանգը։ Սակայն Նաիրա Զոհրաբյանը համամիտ է ընդդիմադիր գործընկերոջ՝ էդմոն Մարուքյանի հետ, որ քաղաքական ուժերին կարելի էր թույլ տալ այցելել հուշահամալիր։

«Կարծում եմ, որ այդուհանդերձ հարգանքի տուրք պիտի թույլ տրվել մատուցեին նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչները, երևի թե ասենք յուրաքանչյուր քաղաքական ուժի կա՛մ ղեկավար կազմի, կա՛մ խորհրդարանական ղեկավար կազմի, հանձնաժողովների նախագահների մակարդակով», - նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյան, արխիվ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու հնարավորություն չի ունեցել նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ կարելի էր այնպես կազմակերպել, որ քիչ թվով մարդիկ, այնուամենայնիվ համալիր այցելելու հնարավորություն ունենային։

Դաշնակցությունը, Մանոյանի փոխանցմամբ, փոքր խմբով այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ինչն անում էին մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը։

«Հիմա, օրինակ, պատգամավորները ամեն օր կամ գրեթե ամեն օր Ազգային ժողովում կողք-կողքի նստում են, բայց այսօր չկային: Կարելի էր մի քիչ տարբեր ձևով անել, որպեսզի խորհրդանշական ներկայություն լիներ», - ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:

Ի դեպ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ընդգծում է՝ լավ կլիներ, որ այս օրը, քաղաքական և հոգևոր վերնախավը միասին լինեին, առանձին-առանձին գնալը ուրիշ բանի մասին է խոսում, ոչ թե կորոնավիրուսի, այլ եկեղեցու և իշխանությունների միջև լարված հարաբերությունների։

«Լավ կլիներ, որ այսօր առնվազն միասին երևային բոլորը, բայց կարծես մթնոլորտն անցած օրերին այնքան լարված էր, սրված էր եկեղեցի-իշխանություն և այլն, որ այդքանը նույնիսկ չկարողացան անել: Այս բոլորը, բայց ասում եմ՝ այսօրվա լույսի մութ կողմն էր, ոչինչ, պետք է սրանց մասին խոսել, քննարկել, բայց ոչ այսօր», - ասաց Մանոյանը:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի համոզմամբ՝ ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր սկզբունքներից մեկը, և նախորդ իշխանությունների համեմատությամբ այս առումով փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Նույն կարծիքն ունի նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ Արտգործնախարարությունը շարունակում է աշխատանքները, սակայն պետք է խոսել նաև հատուցման, Ցեղասպանության հետևանքների վերացման մասին, ինչն ըստ Մանոյանի, վարչապետի այսօրվա ուղերձում չկար:

«Այդ մասին խոսք չկար, և դա եթե ուղղակի քաղաքականության արդյունք է, մտահոգիչ է, պետք է փոխվի, եթե վրիպում է, էլի պետք է ավելի զգույշ լինել, որ չվրիպի: Չեմ ասում, որ անցյալում շատ էին աշխատանք տանում այդ հետևանքների վերացման կամ հատուցման ուղղությամբ, բայց առնվազն լեքսիկոնում կար», - նշեց Մանոյանը: