Հայաստանի վարչապետը նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ արած իր հայտարարություններին որևէ բան ավելացնելու, ինչպես նաև որևէ հայտարարություն սրբագրելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին ի պատասխան «Ազատության» գրավոր հարցման` նշել են վարչապետի աշխատակազմից:
«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե հաշվի առնելով պաշտոնական Երևանի այն պնդումները, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, ինչ առաջարկներ են քննարկվել անցած տարի ապրիլին՝ Մոսկվայում, որին հղում է անում նա, արդյո՞ք այդ հանդիպման ընթացքում քննարկվել է խնդրի լուծման փուլային տարբերակը, և ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը այդ տարբերակի շուրջ։ Բացի այդ, «Ազատությունը» հարցրել էր նաև` ինչ նախագծեր են այս պահին ակտիվորեն քննարկվում, բանակցային սեղանին ընդհանրապես կա՞ որևէ փաստաթուղթ, որքանո՞վ են դրանք ընդունելի հայկական կողմերի համար, և եթե Լավրովի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, արդյո՞ք պաշտոնական Երևանը պատրաստվում է բացատրություն պահանջել ռուսական կողմից։
«Միաժամանակ նշենք, որ ՀՀ արտգործնախարարությունը Ձեր կողմից նշված հարցերի վերաբերյալ ներկայացրել է բոլոր անհրաժեշտ պարզաբանումները»,- ասված է գրավոր պատասխանի մեջ:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են անցած տարի Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ռուսաստանի արտգործնախարարը պնդել էր, թե քննարկվող փաստաթղթերի հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են, ըստ որի՝ առաջին փուլում պետք է ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ասել է, որ 2019 թվականի ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձևակերպվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին:
Նույն օրը Լավրովի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, մասնավորապես, որ «ղարաբաղյան բանակցություններում որևէ հայկական կողմ նույնիսկ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել պաշտպանական գծերը՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը»: