Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 50-ով` դառնալով 1523, ակտիվ բուժման փուլում է գտնվում 840 մարդ։ Մահվան նոր դեպքեր չեն գրանցվել, մինչև օրս Հայաստանում կորոնավիրուսից 24 մարդ է մահացել։
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ աճի տեմպը ըստ էության շարունակում է նույնը մնալ.- «Կարող եմ ասել, որ ունենք այս պահին ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով մոտ՝ 230 հոգի, արհեստական օդափոխության վրա` 5 հոգի, նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է` 27 տարեկան, սակայն ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն: Բժիշկներն ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել: Մնացած մասով կարող եմ ասել, որ աճի տեմպը ըստ էության մոտավորապես նույնն է, եթե համեմատում ենք նոր դեպքերի թիվը բաժանած ընդհանուր դեպքերի թվի վրա»:
Վերջին տվյալներով` ապաքինվել է ևս 26 մարդ, իսկ բուժվածների ընդհանուր թիվը 659 է: Նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, թե ինչպես է բուժանձնակազմը ծափերով տուն ճանապահում ծայրահեղ ծանր վիճակը հաղթահարած երեք հիվանդների։
Նախարարն այսօր նկատեց՝ հաշվի առնելով, որ պարետի նոր որոշմամբ թույլատրվել են որոշ տնտեսական գոծունեության տեսակներ, անհրաժեշտ է, որ քաղաքացիները ավելի մեծ զգոնություն ցուցաբերեն։ Այսօրվանից ուժի մեջ մտած որոշմամբ հանվել են սահմանափակումները մշակող արդյունաբերության, առևտրի, կապի, անշարժ գույքի հետ կապված ոլորտներում։
Պարետ Ավինյանը չի բացառում, որ առաջիկայում այս ցանկը կմեծանա.- «Կարելի է ասել, որ դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, և եթե նման ձևով շարունակվի, կարծում եմ` մենք կրկին կշարունակենք տարբեր տնտեսական գործունեության տեսակներ բացել»:
Հանվել է նաև միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվել են անցակետերը: Պահպանվում են, սակայն, անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված սահմանափակումները: Մուտք ու ելքի հատուկ ռեժիմ է շարունակում գործել Մարալիկ, Ձորակապ, Վարդենիս համայնքերում:
«Օգտագործելու ենք համայնքային սահմանափակումները, եթե տեսնենք` որևէ համայնքում բռնկում է տեղի ունենում, և ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով մենք կամաց-կամաց գնում ենք դեպի բացում»,- նշեց նա:
58-ամյա Արթուր Բալայանն ասում է` չնայած պարետի որոշմանը ամեն օր հագուստի վերանորոգման կրպակը բացել էլի չի կարողանա, քանի դեռ հանրային տրանսպորտի չի գործում.- «Մասիսի ռայիոնում եմ ապրում, ես տաքսուն պետք է 2 հազար դրամ փող տամ, որ գամ, հասնեմ էստեղ, հետո 2 հազար դրամ պետք ա գամ, գնամ տուն: 4 հազար դրամ ես օրվա ընթացքում չեմ աշխատում»:
Աշխատելու թույլտվություն ստացած ոլորտներից շատերի դռները շարունակում են դեռ փակ մնալ, իսկ նրանք, որոնք այսօրվա որոշումից հետո դռները բացել են, «աշխատո՞ւմ եք» հարցից շփոթվում են ու տեսախցիկից այն կողմ արդարանում, վստահ չեն, որ որոշումն իրենց վերաբերում է ու չեն ցանկանում խնդիրներ ունենալ:
Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն այսօր պարզաբանեց պարետի որոշումը, որը բաղկացած է մի քանի սյունակից` կանաչով նշված են տնտեսական գործունեության թույլատրելի տեսակները, գործունեության արգելված տեսակների շարքում կան նաև այնպիսիք, որոնք կարող են պարետին ուղղված դիմում-հայտի հիման վրա հայտնվել բացառությունների շարքում, օրինակ` հագուստի, կոշիկի, կահույքի արտադրություն, սպորտային ակումբների գործունեություն և այլն:
«Ոստիկանությունն իրականացնում է վերահսկողություն ամբողջ Հայաստանի տարածքում, և կոնկրետ կանոնների հետ կապված վերահսկողությունն իրականացվում է Առողջապահության և աշխատանքի տեսչության կողմից»,- նշեց նա:
Գյումրիի «Լենտեքս» գործարանի գործունեությունը արգելվածներից է և պարետի որոշմամբ կարող է հայտնվել բացառությունների շարքում: Գործարանի տնօրեն Կարեն Գոմցյանն ասաց` հայտը պարետատուն ներկայացրել են, ակնկալում են, որ շաբաթվա սկզբից պատասխան կունենան ու կսկսեն աշխատանքը.- «Քիչ ծավալներով, սկսելու ենք, մեծ ծավալներով չենք կարող, որովհետև վաճառքի տեղերը լրիվ փակ են, շղթաները, Ռուսաստանը փակ է, չենք կարող աշխատել մեծ քանակությամբ: Մեր տարածքը մեծ է, մենք քիչ մարդ ենք կանչելու, որպեսզի շատ խիտ չլինեն»:
Մի քանի օր առաջ առանց պարետի թույլտվության աշխատանքը 1 օրով վերսկսած ու տուգանված «Գլորիա» կարի ֆաբրիկան, որն ամենամեծն է Հայաստանում, դեռ շարունակում է փակ մնալ: Տնօրենը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ չի կարող ապահովել պարետի պահանջած պայմաններից շատերը։