Քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգի միջոցով հայտնաբերվել են շուրջ 4 հազար 500 կոնտակտավորներ, որոնցից 1500-ի ուսումնասիրությունից հետո մոտ 230 քաղաքացի ինքնամեկուսացել է, մնացյալ կոնտակտավորների տվյալները շարունակում են ուսումնասիրել, «Ազատության» հետ զրույցում ասաց պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:
«Այս պահի դրությամբ արդեն մշակել ենք 390 հիվանդի տվյալ, մոտ 4 հազար 500 պոտենցիալ կոնտակտավոր են հայտնաբերվել, որոնց հետ սկսել ենք մենք աշխատել, ճշտել ենք իրենց անուն-ազգանունը, որպեսզի իդենտիֆիկացնենք հեռախոսի համարի հետ, նաև զրուցել ենք հիվանդների հետ և ճշտել, որ մոտավորապես, թվերը ամբողջական կասեմ՝ 1500 կոնտակտավորից մոտավորապես 230-ը ինքնամեկուսացվել է: Այսինքն, մենք այս համակարգի ներդրման միջոցով մոտ 15 տոկոս ավելացրել ենք ինքնամեկուսացածների թիվը», - ասաց Բադալյանը:
Մարտի վերջին Ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն, քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի են դարձել, որպեսզի հնարավորինս կանխարգելվի կորոնավիրուսի տարածումը:
«Առողջապահության նախարարությունը մինչև այդ հիվանդի հետ շփվելով պարզում է իր առօրյայի շփման շրջանակը՝ ընտանիք, աշխատավայր, բարեկամներ, հարազատներ, այսինքն՝ այդ շրջանակը առողջապահության նախարարը փակում է այդպես, որից հետո մենք զանգերի և տեղորոշման միջոցով որոշում ենք այն շրջանակը պոտենցիալ, որը որ չէր հայտնաբերվել Առողջապահության նախարարության կողմից, քանի որ եթե հայտնաբերվեր, մեր ցանկից նրանք դուրս կգային, կֆիլտրվեին: Այդ ցանկը պարզելուց հետո, նորից արդեն մեր պարետատանը աշխատող Առողջապահության նախարարության մասնագետները զրուցում են և այդ ցանկից առանձնացնում են այն մարդկանց, որոնց մոռացել էր հիվանդը նշել, այդ անձանց անունները և տվյալները», - մանրամասնեց պարետի խորհրդականը:
Ինքնամեկուսացածների ելումուտը վերահսկվում է պարետատնից, պարբերաբար տեղեկատվություն են ստանում նրանց առողջական վիճակի և կարիքների մասին:
Համակարգը գործում է արդեն երկու շաբաթ: Հարցին՝ արդյոք եղե՞լ են քաղաքացիներ, որոնք խուսափել են ինքնամեկուսացումից, պարետի խորհրդականն արձագանքեց՝ դեռ նման դեպքեր չեն արձանագրվել. - «Նման դեպքեր չի եղել: Իհարկե, եղել են դեպքերը, որ սկզբից փորձել են չասել ինչ-որ տվյալներ, չպատասխանել հարցերի, բայց հետո, երբ որ բացատրում ես մարդկանց, ասում ես՝ նպատակը որն է, հիմնականում համագործակցում են, որևիցե խնդիր չի առաջացել»:
«Երբ որ մենք պարզում ենք, որ տվյալ անձը հիվանդի հետ ունեցել է հեռախոսազրույց, նաև՝ որ վերջին 14 օրվա ընթացքում գտնվել է մոտ տարածքում, դրանից հետո մենք իրականացնում ենք հարցազրույց հիվանդի հետ, և հիվանդը հաստատում է, որ «այո, ես հանդիպել եմ այս անձնավորությանը, շփվել եմ հետը», էդտեղ մեծ հավանականություն կա, որ հիվանդությունը կարող է փոխանցված լինել, և այդ մարդիկ դառնում են ենթակա ինքնամեկուսացման», - ասաց Բադալյանը:
Կառավարության որոշման համաձայն՝ ստացված տվյալները մշակվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի անվտանգությունը վերահսկում և սպասարկում է Ազգային անվտանգության ծառայությունը, բայց՝ առանց տվյալները մշակելու իրավունքի:
Պարետի խորհրդականն ընդգծում է՝ հեռախոսազրույցների բովանդակությունն ու տևողությունը իրենց չի հետաքրքրում, և այդ տվյալները չեն հավաքագրվում: