Շիրակի մարզի Անի համայնքում կորոնավիրուսից մահվան արդեն 3 դեպք է գրանցվել

Ոստիկանները ստուգում են իրականացնում համայնքի մուտքի մոտ, 20-ը ապրիլի, 2020թ.

Կորոնավիրուսից մահացած 62 և 90 տարեկան տղամարդիկ Շիրակի մարզից են: 62-ամյա տղամարդը Մարալիկից ընդամենը մեկ փողոց բաժանող Ձորակապ համայնքից էր, 90 տարեկան պապիկն էլ` Սառնաղբյուր գյուղից, սակայն բնակվել է դստեր տանը՝ Մարալիկում:

Նա հոսպիտալացված չի եղել, տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը.- «Պապիկի աղջիկը դրական հաստատված դեպքով Մարալիկի բուժքույրերից է: Պապիկը գտնվել է դստեր խնամքի ներքո, տանը մոտ մեկ շաբաթ առաջ պապիկի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել` ջերմության բարձրացում, նշանակվել է տնային բուժում, առաջարկվել է հոսպիտալիզացիա, հարազատները հրաժարվել են: Եվ քանի որ աղջիկն ուներ դրական հաստատված դեպք, որոշվեց նմուշառել նաև պապիկին, և պապիկի մոտ ևս հաստատվեց կորոնավիրուս... մահվանից ժամեր առաջ, շատ կարճ ժամանակ առաջ թեստը հաստատված ունեցել ենք, և պապիկի մոտ, ցավոք սրտի, մահվան ելք ունեցանք»:

Մինչ օրս Շիրակի մարզում համավարակից երեք մարդ է մահացել, երեքն էլ Անի խոշորացված համայնքից են, որի մեջ մտնում են և՛ Մարալիկը, և՛ Ձորակապը, և՛ Սառնաղբյուրը։ Երբ կորոնավիրուս հաստատվեց Մարալիկ առողջության կենտրոնի 18 աշխատակիցների մոտ, պարետի որոշմամբ ապրիլի 19-25-ը Մարալիկ և Ձորակապ համայնքների մուտքն ու ելքը սահմանափակվեց։

Ոստիկանության աշխատակիցներն այսօր զգուշացրին, որ Մարալիկ ու Ձորակապ համայնքների մուտքը չի թույլատրվում նկարահանել։ Իսկ անցակետը բավականին հեռու էր: Թե ինչ էր կատարվում 2 համայնքներում, հնարավոր չէր տեսնել: Հսկողություն իրականացնող ոստիկաններից Անիի բաժնի հերթապահ մասի ավագ տեսուչ Մկրտիչ Մանուկյանը ջերմաչափում էր իրականացնում, հետո նոր թույլատրում մեքենայի մուտքը կամ ելքը։

Նրա խոսքով` այս ընթացքում ջերմություն ունեցողների չեն հանդիպել, ջերմաչափմանը համաձայնում են:

«Մարալիկի ելումուտը թույլ չենք տալիս, միայն թույլ ենք տալիս հատուկ թույլտվություններով: Ով հատուկ թույլտվություն ունի, թողնում ենք, մյուսներին` ոչ»,- նշեց տեսուչը:

Շիրակի մարզում վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճ է արձանագրվում: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին 58 պացիենտ է բուժվում.- «Այս պահին մենք Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ունենք բուժվող 58 հիվանդ, 58 հիվանդներից 46-ի մոտ հաստատված է Covid-19, 42-ը Շիրակի մարզից են: Մենք ունենք պառկած նաև Երևանից, Արարատի մարզի Այնթափ գյուղից և մեկ վարորդ, որը բեռնափոխադրող է: Մարալիկից ունենք 20 հոգի պառկած` բուժանձնակազմ, նաև իհարկե ունենք քաղաքացիներ Մարալիկից, գերակշռողը Մարալիկն է այս պահին»,- փոխանցեցին ինֆեկցիոն հիվանդանոցից:

14 օր մեկուսացման մեջ գտնվող Գյումրիի բժշկական կենտրոնի 29 բուժաշխատողի թեստերի պատասխանը բացասական է եղել։