Վարչապետն ընդունել է Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում ընդունել է Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Փաշինյանը կրկին շնորհավորել է Հարությունյանին և հաջողություններ մաղթել։

«Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի և Արցախի միջև ակտիվ համագործակցությունը բոլոր ոլորտներում», - ասաց Գևորգյանը:

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել էր ձայների 49,26 տոկոսը, իսկ արդեն ապրիլի 14-ին՝ երկրորդ փուլում նա գրեթե 40 հազար ձայն հավաքեց՝ վավեր քվեաթերթիկների 88 տոկոսը։

Ղարաբաղի նորընտիր նախագահը ղեկավարում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը մարտի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքեց ձայների ավելի քան 40 տոկոսը և կձևավորի Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը։

«Արայիկ Հարությունյանը վարչապետ Փաշինյանին է ներկայացրել նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերի և գործողությունների մասին համառոտ տեղեկատվություն», - նշեց վարչապետի մամուլի քարտուղարը:

«Ազատությունը» կապ հաստատեց նաև Արայիկ Հարությունյանի հետ, նա հանդիպումից այլ մանրամասներ չհայտնեց, ասաց՝ հետագա համագործակցությունն են քննարկել։

Երկու օր առաջ էլ Արայիկ Հարությունյանին էր ընդունել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վերջինս նույնպես Հարությունյանին հաջողություններ էր մաղթել և վստահեցրել՝ իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Ղարաբաղի անվտանգության ու զարգացման ապահովմանը։