Մատչելիության հղումներ

Ընտրությունների առաջին փուլից հետո Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահի երկու թեկնածուներին


Ս.թ. մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի հետ, որոնք նախագահի աթոռի համար պետք է մրցեին երկրորդ փուլում։

Դեռ ապրիլի 7-ին «Ազատության» հարցմանն ի պատասխան, թե մարտի 31-ին Արցախում կայացած ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև հետո կայացած հանդիպման ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվել, և ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից արձագանքել են. «Ի պատասխան ձեր հարցման հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են Արցախի նախագահական ընտրությունների ընթացքին ու արդյունքներին վերաբերող հարցեր»։

Հատկանշական է, որ այս հանդիպումների մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի եղել։

Մարտի 31-ին կայացած ԼՂ նախագահական ընտրությունների առաջին փուլում, ըստ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), ԼՂ նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ստացել էր քվեների 49.2 տոկոսը, իսկ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26.4 տոկոսը: Ապրիլի 14-ին տեղի ունեցած երկրորդ փուլի արդյունքում Հարությունյանը ստացավ գրեթե 40 հազար ձայն կամ վավեր քվեաթերթիկների 88 տոկոսը, իսկ Մայիլյանը՝ 12 տոկոս։

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու առթիվ:

XS
SM
MD
LG