Որտեղ և ինչպես է սկիզբ առել նոր կորոնավիրուսը. Արևմուտքը Չինաստանից պատասխաններ է պահանջում

Այժմ արդեն ոչ միայն Միացյալ Նահանգներն, այլև Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են հրապարակավ հայտարարում` մի շարք հարցեր ունեն Չինաստանին Ուհանում անցած տարեվերջին ի հայտ եկած նոր կորոնավիրուսի, դրա ծագման ու տարածման վերաբերյալ:

«Ակնհայտ է, որ մենք չենք կարող նախկինի պես աշխատել Չինաստանի հետ», - երեկ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը, ով այս օրերին հանդես է գալիս վարչապետի անունից: Բորիս Ջոնսոնը ինքն էլ մի քանի շաբաթ է` պայքարում է նոր վիրուսի դեմ, որն արդեն մոտ 150 հազար մարդու կյանք է խլել ու կաթվածահար արել համաշխարհային տնտեսությունը:

«Այս ճգնաժամից հետո Չինաստանը պետք է պատասխան տա մի շարք դժվարին հարցերի, մասնավորապես` ինչպե՞ս է ծագել այս վիրուսը, և հնարավոր չէ՞ր արդյոք այն ավելի վաղ կանխարգելել», - հայտարարել է Ռաաբը:

Մինչ այդ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ էին հաղորդել` Վաշինգտոնում ավելի են ամրապնդվում կասկածները, որ վիրուսն իրականում ոչ թե կենդանիների շուկայում է տարածվել ու փոխանցվել մարդուն, ինչպես պնդում է Չինաստանը, այլ` սկիզբ է առել այդ շուկայից քիչ հեռու գործող բիոլաբորատորիայում ու տարածվել մարդկային սխալի պատճառով: Նախօրեին լրագրողները այս մասին հարց էին ուղղել նախագահ Թրամփին` Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ:

«Մի շարք աղբյուրներ Fox News-ին հաղորդել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունում այժմ արժանահավատ են համարում պնդումները, ըստ որոնց այս վիրուսը սկիզբ է առել Ուհանի լաբորատորիայում, բայց քանի որ այնտեղ անվտանգության կանոնները բավարար չափով չեն պաշտպանվում, վարակն անցել է աշխատակիցներից մեկին: Արդյոք սա համապատասխանո՞ւմ է այն տեղեկատվությանը, որ դուք ստացել եք պաշտոնյաներից», - հարցրել էր FOX NEWS-ի թղթակից Ջոն Ռոբերտսը:

Փաստացի Սպիտակ տան ղեկավարը չէր հաստատել, բայց և չէր հերքել այդ վարկածը, իսկ երբ լրագրողները հետաքրքրվել էին` արդյոք քննարկե՞լ է հարցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, Դոնալդ Թրամփը պատասխանել էր` «չէի ուզի հիմա բացահայտել մեր զրույցի մանրամասները»:

«Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում այս մասին, և շատ հանգամանալից ուսումնասիրություն ենք անում այս սարսափելի իրավիճակի շուրջ` պարզելու` ինչ է տեղի ունեցել», - ասել է ԱՄՆ նախագահը:

Քննարկումներն է՛լ ավելի էին թեժացել, երբ հեղինակավոր The Washington Post-ը գրել էր, թե կորոնավիրուսի համաճարակի բռնկումից երկու տարի առաջ դեռ Չինաստանում աշխատող ամերիկացի դիվանագետները ներքին խողովակներով երկու անգամ նամակ են ուղարկել Վաշինգտոն ու ահազանգել` Ուհանի բիոլաբորատորիայում, որտեղ վտանգավոր փորձարկումներ են իրականացվում, անվտանգության պատշաճ նորմերը չեն պահպանվում: Արձագանքելով այդ հաղորդումներին` պետքարտուղար Մայք Փոմփեոն նախօրեին հորդորել է Չինաստանի կառավարությանը բացվել աշխարհի առաջ ու փարատել այս կասկածները:

«Մենք գիտենք, որ վիրուսը սկիզբ է առել Ուհանում, շուկայում, գիտենք, որ այդ շուկայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էլ բիոլաբորատորիան է գտնվում: Բայց մենք նաև մի շարք հարցերի պատասխաններ չունենք, և մեզ անհրաժեշտ է, որ Չինաստանի կառավարությունը ճշմարտությունն ասի: Նրանք հայտարարում են, թե ուզում են համագործակցել, դրա լավագույն ճանապարհը կլինի թույլ տալ, որ աշխարհի փորձագետներն ու գիտնականները մուտք ունենան այդ տարածք և պարզեն` իրականում ինչ է տեղի ունեցել», - նշել է Փոմփեոն:

Երեկ էլ Ֆրանսիայի նախագահն է կասկածի տակ դրել պաշտոնական Պեկինից հնչող հայտարարությունները: «Միամտություն կլիներ հավատալ, որ Չինաստանը Արևմուտքից ավելի արդյունավետ է պայքարել վիրուսի դեմ», - Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Էմանյուել Մակրոնը, ընդգծելով, - «Ակնհայտ է, որ այնտեղ տեղի են ունեցել բաներ, որոնց մասին մենք չգիտենք»:

Չինաստանը հերքում է մեղադրանքները

Պաշտոնական Պեկինը կտրականապես հերքում է այս մեղադրանքները: Արտգործնախարարության խոսնակն այսօր կրկին պնդել է, թե առաջին իսկ օրից բաց ու թափանցիկ են աշխատել միջազգային համայնքի հետ:

Հերքելով Արևմուտքում հնչող կասկածները` չինական կառավարությունը միաժամանակ այսօր` համաճարակի բռնկումից ամիսներ անց, ընդունել է, որ էպիկենտրոնը դարձած Ուհանում իրականում կորոնավիրուսից մահվան դեպքերը շատ ավելին են եղել, քանի մինչ օրս ներկայացվել էր: Հրապարակված նոր վիճակագրության համաձայն, մասնավորապես, մահացության ցուցանիշն ավելացել է 50 տոկոսով` հասնելով շուրջ չորս հազարի:

«Մենք երբեք ոչինչ չենք թաքցրել, ուղղակի վարակի սկզբնական շրջանում հաշվարկը սխալ էր կատարվել», - պարզաբանել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը:

Նախագահ Սի Ծինփինն էլ հարցը քննարկել է Արևմուտքի հետ լարված հարաբերություններով հայտնի մեկ այլ գործընկերոջ` Ռուսաստանի նախագահի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Պուտինը փաստել է` «որոշ մարդիկ ուղղակի ուզում են վարկաբեկել Պեկինին»:

Թե ինչ իրավիճակ է տեղում իրականում, դժվար է ասել` գրաքննության ու սահմանափակումների պատճառով:

Շաբաթներ առաջ Պեկինը երկրից վտարեց ամերիկյան հեղինակավոր պարբերականների, այդ թվում` The New York Times-ի, The Washington Post-ի, Bloomberg-­ի թղթակիցներին, որոնք պաշտոնական հաղորդագրություններից տարբերվող կարծիքներ ու փաստեր էին հրապարակում: Մի քանի օր առաջ էլ Չինաստանի դատախազությունը հաղորդեց, թե քրեական գործ է հարուցել երկրի ազդեցիկ գործարարներից մեկի դեմ, ով քննադատել էր նախագահ Սի Ծինփինի քաղաքականությունը համաճարակի դեմ պայքարում:

Անշարժ գույքի ոլորտում մեծ կարողություններ ունեցող Ռեն Ժիգիանգը ուղղակի անհետացել էր` սոցիալական ցանցերում տարածված այդ քննադատական հոդվածից հետո: Մի քանի շաբաթ 68-ամյա գործարարի, նրա գտնվելու վայրի մասին որևէ բան հայտնի չէր, և միայն վերջերս Պեկինն ընդունեց, որ նա բանտում է` կարգուկանոնի ու օրենքի կոպտագույն խախտումների համար: