Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն, Եվրոպան մտածում են տնտեսությունը վերաբացելու մասին, Չինաստանի փոքր և միջին ձեռնարկությունների 84 տոկոսը վերաբացվել է


Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը անցան երկու միլիոն 100 հազարը, մահվան դեպքերը 136 հազարից ավելի են, բուժվել է կես միլիոնից ավելի հիվանդ:

Վիրուսի տարածումը կանգ չի առնում: Մինչ հիմա արձանագրված բոլոր դեպքերի մոտավորապես 90 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային ու Միացյալ Նահանգներին, բայց հենց այնտեղ են մտածում թուլացնել սահմանափակումները, վերաբացել տնտեսությունը: Եվրոպական մի շարք երկրներում արդեն կոնկրետ քայլեր են կատարվում սահմանափակումները աստիճանաբար մեղմելու ուղղությամբ:

Կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը արձանագրվել են Միացյալ Նահանգներում՝ 640 հազարից ավելի: Սա կազմում է ամբողջ աշխարհում գրանցված բոլոր դեպքերի ավելի քան մեկ քառորդը:

Հիվանդության հետևանքով մահացությունը ևս ԱՄՆ-ում ամենաբարձրն է: Ավելի քան 28 հազար 500 մարդ է մահացել:

Չնայած այս ցուցանիշներին ԱՄՆ-ի նախագահը վերջին օրերին շարունակաբար պնդում է տնտեսությունը վերաբացելու անհրաժեշտության մասին: Սպիտակ տանը ամենօրյա ռեժիմով մամուլի ասուլիսներ են անցկացվում:

Ապրիլի 15-ի ասուլիսում Դոնալդ Թրամփն ասել է, թե տվյալները վկայում են, որ ԱՄՆ-ն հաղթահարել է կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի պիկը: Դա համարելով շատ ոգևորիչ՝ Թրամփն ասել է, թե հինգշաբթի օրվա երկրորդ կեսին կներկայացնի նոր ուղեցույցի սկզբունքները երկրի տնտեսությունը վերաբացելու համար:

ԱՄՆ նախագահն ասել է, թե հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր ոլորտների ամերիկյան առաջատար ընկերությունների, կազմակերպությունների ղեկավարների հետ՝ քննարկելով տնտեսությունը ամբողջովին վերաբացելու հնարավորությունը, շեշտելով նաև մարզաշխարհը վերաբացելու հարցը:

«Մենք ցանկանում ենք վերաբացել մեր երկիրը, մենք ցանկանում ենք բացել մեր մարզական լիգաները, մենք ցանկանում ենք մարզական խաղեր դիտել, դա կարևոր է: Մենք կարոտել ենք սպորտը, մենք ամեն ինչին կարոտել ենք, մենք ցանկանում ենք վերադառնալ», - ասել է Թրամփը:

Մեկ խնդիր ևս առանձնացնեք՝ Դոնալդ Թրամփը սպառնացել է ժամանակավորապես կասեցնել Կոնգրեսի երկու պալատների գործունեությունը, եթե նրանք շարունակեն փակ մնալ:

Սահմանադրությունը ԱՄՆ-ի նախագահին նման լիազորություն տալիս է, բայց Միացյալ Նահանգների պատմության մեջ նախագահներից ոչ մեկը այդ իրավունքից չի օգտվել:

Կոնգրեսը նիստեր չի գումարում, որի հետևանքով Թրամփը չի կարողանում դաշնային ծառայության դատական համակարգի, այլ ոլորտների պաշտոնյաներ նշանակել, որովհետև թեկնածուներին պետք է հաստատի Կոնգրեսը, որի երկու պալատները կորոնավիրուսի պատճառով նիստեր չեն անցկացնում:

Եթե Կոնգրեսի գործունեությունը համարվի ընդմիջված, ապա Թրամփն արդեն հնարավորություն կունենա առանց Կոնգրեսի հաստատման վարչակազմում նշանակումներ կատարել:

Եվրոպական մի շարք երկրներում առևտրի ոլորտի մի շարք սահմանափակումներ արդեն հանվել են

Եվրոպայում կորոնավիրուսի ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում՝ 180 հազարից ավելին, սա ԱՄՆ-ից հետո երկրորդ ցուցանիշն է:

Իսպանիայում մահվան դեպքերը 18 հազարից ավելին են: Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացությունը ավելի բարձր է՝ ավելի քան 21 հազար մարդ է մահացել, իսկ ընդհանուր դեպքերն անցել են 165 հազարը:

Ֆրանսիայում, Բրիտանիայում ևս կորոնավիրուսի տասնյակ հազարավոր դեպքեր են հաստատվել, մահվան դեպքերը ևս շատ են՝ Ֆրանսիայում ավելի քան 17 հազար, Բրիտանիայում 12 հազարից ավելի մարդ է մահացել: Մահվան դեպքերը համեմատաբար քիչ են Գերմանիայում, չնայած վարակվածների թիվը բարձր է: Գերմանիայում կորոնավիրուսի գրեթե 135 հազար դեպք է արձանագրվել, մահացել է շուրջ 3800 մարդ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ կորոնավիրուսի ճգնաժամի կորը հարթվում է: Միաժամանակ նա նշել է, որ իրավիճակը փխրուն է, և զգուշություն պահպանելը կարևոր է:

Գերմանիայում մտադիր են մյուս շաբաթվանից վերաբացել փոքր խանութները:

Եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես՝ Իտալիայում, Իսպանիայում, առևտրի ոլորտի մի շարք սահմանափակումներ արդեն հանվել են:

Իսպանիայում թույլատրվել է նաև շինարարական ու արդյունաբերական փոքր ընկերությունների աշխատանքը: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երեկ այցելել էր դիմակներ պատրաստող արտադրամաս: Նա պաշտպանիչ հագուստներով էր և դիմակ է կրել: Իսպանիայում օրական կտրվածքով նվազել են կորոնավիրուսի տարածման ու մահվան դեպքերը, բայց թվերը դեռ շատ բարձր են, ու սահմանափակումները որոշ չափով մեղմելու իշխանությունների որոշումը նաև քննադատությունների տեղիք է տվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն այսօր օնլայն ասուլիսում ասել է, որ առաջիկա շաբաթները ծայրահեղ կարևոր նշանակություն կունենան Եվրոպայի համար, քանի որ որոշ երկրներ աստիճանաբար վերացնում են սահմանափակուները:

Հանս Կլյուգեն ասել է, թե շատ կարևոր է հասկանալ նման անցման բարդությունը և անորոշությունը: Նա նշել է, որ աշխարհում կորոնավիրուսի բոլոր դեպքերի կեսը բաժին է ընկնում Եվրոպային, որտեղ ավելի քան 84 հազար մարդ է մահացել:

Չինաստանում փոքր և միջին ձեռնարկությունների 84 տոկոսը վերաբացվել է

Չինաստանում փոքր և միջին ձեռնարկությունների 84 տոկոսը վերաբացվել է: Այդ մասին այսօր հայտնել է Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կից փոքր և միջին ձեռնարկությունների ընկերության փոխտնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG