Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի ծագման դետեկտիվային վարկած


Հուբեի նահանգում կորոնավիրուսի ստուգում են անցկացնում բնակիչների շրջանում, Ուհան, 16-ը ապրիլի, 2020թ.
Հուբեի նահանգում կորոնավիրուսի ստուգում են անցկացնում բնակիչների շրջանում, Ուհան, 16-ը ապրիլի, 2020թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը ժամանակավոր դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը միանշանակ չի ընդունվել:

Մոլորակի պետություններն ու նախևառաջ Չինաստանը պնդում են, որ այդ կառույցը չի կարելի համավարակի պայմաններում զրկել ֆինանսավորումից:

Թրամփը երեկ ասել է, որ ԱՀԿ-ն պարտավոր էր մանրամասն ստուգել Չինաստանից ստացվող տվյալները, քանի որ դեռ անցած տարվա դեկտեմբերին հասել են մարդուց մարդուն այդ վարակի փոխանցման մասին արժանահավատ տեղեկություններ:

Թրամփի փոխանցմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվերապահորեն ընդունել է չինացիների տրամադրած տեղեկությունները, ինչը մոտ քսանապատիկ ավելացրել է կորոնավիրուսի համաշխարհային տարածման ծավալը:

Կառույցն, իր հերթին, ափսոսանք է հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ, բայց և հերքել է կորոնավիրուսի ծագման ու տարածման տվյալներն աղավաղելու, փաստերը կոծկելու և միջազգային համայնքին ապակողմնորոշելու մեղադրանքը: Այդ մասին ասել է կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Ո՞ր հանգամանքն է այդքան զայրացրել Սպիտակ տանը: Ահավասիկ Ուհանում վիրուսի ծագման և տարածման մի վարկած, որն արժանահավատ են համարում Վաշինգտոնում:

Դեռ տարեսկզբին են հրապարակվել տեղեկություններ այն մասին, որ այս կորոնավիրուսը չղջիկից է մարդուն փոխանցվել: Ինչ-որ մեկը, ենթադրաբար՝ Ուհանի շուկայում, որտեղ վաճառում են սնունդ պատրաստելու համար էկզոտիկ կենդանիներ, վարակվել է այդ էակից:

Բայց հիմա, ըստ ամերիկացի մի շարք վերլուծաբանների, պարզվում է, որ մարդն իրոք չղջիկից է վարակվել, սակայն ոչ թե շուկայում, այլ Ուհանի գիտական լաբորատորիայում՝ փորձարկումների ժամանակ:

Եվ քանի որ անվտանգության կանոններն այնտեղ չեն ապահովվել, այդ անձը՝ արդեն վարակված, լաբորատորիայից գնացել է շուկա և այնտեղ էլ տարածել է վիրուսը:

Վաշինգտոնը զայրացած է, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համառորեն չի ստուգել Չինաստանի առողջապահության համակարգի ղեկավարներից ստացվող տվյալները, չնայած այն հանգամանքին, որ պանդեմիայի մասին մասնավոր խողովակով ահազանգել է նաև չինացի բժիշկն, ով հետագայում մահացել է վիրուսից:

ԱՀԿ-ն ինչ-ինչ պատճառներով անվերապահորեն վստահել է Չինաստանի պաշտոնյաներին: Մինչդեռ, այդ լաբորատորիայի անվտանգության թեման վաղուց է անհանգստացրել ամերիկացիներին:

Ըստ The Washington Post օրաթերթի, ԱՄՆ Պետական դեպարտամենտը դեռ երկու տարի առաջ է մայրաքաղաք ուղարկել գաղտնի նամակ, որով տեղեկացրել է Ուհանի բիոլաբորատորիայում անվտանգության ապահովման պատշաճ նորմերի բացակայության մասին:

Ի դեպ, այդ վիրուսի ծագման վերաբերյալ Ամերիկայում կան տարբեր կարծիքներ: Օրինակ՝ Միացյալ Նահանգների Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարք Միլլին ապրիլի 14-ին ասել է, թե ըստ հետախուզության տվյալների, «կորոնավիրուսը բնական ճանապարհով է գոյացել»:

Պաշտոնական Պեկինն այսօր իսկ արձագանքել է վիրուսը լաբորատորիայից դուրս հանելու մասին ամերիկացիների հնչեցրած վարկածին և այն հերքելու համար վկայակոչել է ... Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխանատուներին:

«Վիրուսի ծագման և տարածման հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է, մենք միշտ ենթադրել ենք, որ սա գիտական թեմա է, որը պետք է հետազոտեն գիտնականները և առողջապահության մասնագետները:

Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ չկա վկայություն, որը կապացուցեր, թե այս վիրուսը ստեղծվել է ինչ-որ լաբորատորիայում:

Մեծ թվով հեղինակավոր փորձագետներ ամբողջ աշխարհից հայտարարել են, որ լաբորատորիայից դուրս այս վիրուսի տարածման պնդումները գիտական հիմնավորում չունեն», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ժաո Լիջիանը:

XS
SM
MD
LG