Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Արցախ - Մարտի 31-ի ընտրությունները Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում

Այսօր Արցախում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Ավելի քան 280 ընտրատեղամասերը բացվեցին և քվեարկությունը մեկնարկեց ժամը 8-ին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հիշեցնենք, մրցում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Առաջին փուլում՝ մարտի 31-ին, Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

Առաջին փուլից հետո Մայիլյանը կոչով հանդես եկավ՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը, և, ըստ «Ազատության» տեղեկությունների, ինքը նույնպես այսօր չի մասնակցելու քվեարկությանը:

Կիրակի երեկոյան ժամը 22-ից Արցախում հաստատվել է արտակարգ իրավիճակ՝ մեկ ամիս ժամկետով՝ մինչև մայիսի 12-ը: Այստեղ նույնպես ստեղծվել է պարետատուն, պարետ է նշանակվել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Չնայած արտակարգ իրավիճակին՝ ընտրություններն անցկացվելու են, դրանք կչեղարկվեին արտակարգ դրության պայմաններում:

Այս պահի դրությամբ առկա տվյալներով՝ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է, մեկուսացվածները 17-ն են: