Թուրքիայի նախագահը Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակելու պատրաստակամություն է հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքային օժանդակություն ցուցաբերել Հայաստանին համավարակի դեմ պայքարելու համար, ինչպես նաև դյուրացնել Թուրքիայից հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մեկնումը: Այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ, տեղեկացնում է Պատրիարքարանի պաշտոնական կայքէջը:

Թուրքիայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Պատրիարքարանին և հայկական հիմնադրամներին կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման նպատակով իր նախաձեռնած դրամահավաքին միանալու համար: Ավելի վաղ, Պոլսո Հայոց պատրիարքարանն ու Հայկական հիմնադրամների միությունը դրամահավաքին ընդհանուր առմամբ 600 հազար թուրքական լիրա՝ շուրջ 88 հազար դոլար են նվիրաբերել:

Թուրքիայի նախագահը հետաքրքրվել է պատրիարքի որպիսությամբ և հարցրել հայ համայնքի կարիքների մասին:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև համաճարակային բուժհիմնարկ դարձած Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հետ:

Հայ համայնքի առաջնորդների հետ Թուրքիայի նախագահի զրույցներից ժամեր առաջ Ստամբուլի ավտոկայանից դեպի Հայաստան է շարժվել երեք ավտոբուս` տուն տանելով 66 հայաստանցիների:

Ընկերների հետ միասին հայրենակիցների վերադարձը նախաձեռնած Գագիկ Մուշեղյանը «Ազատությանը» պատմեց, որ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը հնարավոր է դարձել Հայաստանի իշխանությունների աջակցության շնորհիվ: Հայկական կողմը հոգացել է ճանապարհածախսը:

«Մեզ մեծ աջակցություն են ցույց տվել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները՝ արտոնագրեր ստանալու համար թե՛ Վրաստանից, թե՛ Թուրքիայից: Արտոնագրեր ստացել ենք և՛ Թուրքիայի տարածքով տրանզիտ անցնելու համար, և՛ տարանցիկ միջանցք է մեզ տրամադրվել Վրաստանով անցնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուշեղյանը:

«Այսօր դուրս են եկել երեք ավտոբուսներ՝ չնայած պլանավորված էր, որ չորսը դուրս գային, քանի որ 102 հոգի գրանցված էին, փաստացի ներկայացան 66-ը, իսկ 6-ից 10 ուղևոր ճանապարհին պետք է միանային», - փոխանցեց նա՝ կրկին շեշտելով. - «Մեզ շատ մեծ աջակցություն ցույց տվեց Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ամբողջ ծախսերը հոգացել են իրենք, ավտոբուսների վճարները կատարել են իրենք»:

Գագիկ Մուշեղյանը հայտնեց, որ ավտոբուսները տարանցիկ ճանապարհով, միջանցքով անցնելու են Վրաստանով, մուտք են գործելու Հայաստան Բագրատաշենի մաքսակետով. - «Եվ նրանից հետո, իմ կարծիքով, կգնանք կարանտինի»:

«Ազատության» զրուցակցի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր է նորից կազմակերպվի հայաստանցիների տեղափոխումը հայրենիք:

Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակված ավելի քան 38 հազար մարդ կա, 812 մարդ էլ մահացել է հիվանդության պատճառով:

Հայաստանի արտգործնախարարությունը չի մեկնաբանում, թե ինչ դեղորայք է Թուրքիան պատրաստվում ուղարկել Հայաստան, որի հետ տարիներ շարունակ դիվանագիտական հարաբերություններ չունի:«Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի», - այսօր հայտարարել է գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Իսկ Թուրքիայից հայրենիք վերադարձող քաղաքացիների վերաբերյալ Նաղդալյանն ասել է, մասնավորապես, որ «տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է»: