Երեք մահ վերջին մեկ օրում․ «Նորք» ինֆեկցիոնում մահացածները 68, 76 ու 78-ամյա պացիենտներ էին: Կորոնավիրուսային հիվանդությունից բացի, նրանք երեքն էլ, ըստ Առողջապահության նախարարության, երկկողմանի թոքաբորբ ունեին, նաև՝ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
Մահացածներից 78-ամյա կինը, նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի քաղաքացի չէր։ Մահվան դեպքերի թիվն այսպիսով հասավ 7-ի։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ազատությանը» փոխանցեց` երեք մահացածների վիճակն էլ ծայրահեղ ծանր էր: Նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարել էր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 հիվանդի մասին:
«Ապրիլի 2-ին գրանցված երեք մահերը եղել են ծայրահեղ ծանր վիճակում, և նրանց կյանքը չի հաջողվել փրկել, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուղեկցվող քրոնիկ հիվանդությունների պատճառով, դրանք նպաստել են ավելի շատ: Վերջիններս եղել են ինտուբացված»,- նշեց խոսնակը:
Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում պաշտոնական տվյալներով` արդեն 736 է, վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել են 73 նոր վարակակիրներ։ Այս պահին բուժվում է 686 մարդ, ապաքինվածները 43-ն են, վերջին դուրս գրվողները տասն են եղել:
Թեստերի բացասական ամենամեծ արդյունքը, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքի, ստացվել է երեկվա ընթացքում՝ 318։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի խոսքով` կորոնավիրուսով են վարակվել նաև իրենց 2 աշխատակիցներ: Հենց Ավագյանի ղեկավարած մարմինն է սահմանային 7 անցակետերում հակահամաճարակային հսկողություն իրականացնում:
«Ամսի 1-ից հետո Երևանի տարածքային կենտրոնից մեր մոտից, որ գնացել էին «Զվարթնոցի» հերթապահներին օգնելու, մեր Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտանշվեց կորոնավիրուս վարակը, որի վիճակը արդեն երեկվա դրությամբ լավ է, և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց մեկուսացման: Մյուսի մոտ, ով իր հետ հերթապահել էր, ևս ախտանշվեց վարակը, ում մոտ սկզբում կասկածում էին թոքաբորբ, ու երեկվա դրությամբ ևս հերքվեց, ու հիմա իր վիճակը շատ լավ է»,- նկատեց նա:
Առողջապահության նախարարը կորոնավիրուսի բուժման համար առանձնացված բուժհաստատությունների թիվ էր նշել՝ 9 հիվանդանոց, դրանցից մեկը` միայն երեխաների համար՝ ընդհանուր մոտ 1400 մահճակալով: Խոսնակ Ալինո Նիկողոսյանն ասաց` ամեն օր բժիշկների, բուժքույրերի, նաև ուսանողների վերապատրաստման դասընթացներ են անցկացնում:
«Հայտարարություն էինք տվել մի քանի օր շուտ, շուրջ 1700 բժիշկ, բուժքույր, օրդինատոր, ինչպես նաև ուսանողներ արձագանքել են մեր հայտարարություններին: Երբ կարիքը լինում է, իրենք փոխարինում են մեր այժմյան բժիշկներին, բուժաշխատողներին, բայց փոխարինելուց առաջ պարտադիր անցնում են վերապատրաստման դասընթաց, կոնկրետ կորոնոավիրուսային հիվանդության դեպքում մարդկանց ինչպես պետք է բուժել, այդ թեմայով»,- մանրամասնեց նա:
Նիկողոսյանի խոսքով՝ թոքերի արհեստական օդափոխության 50-ից ավելի սարք է տրամադրվել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, առաջիկա օրերին Չինաստանից Հայաստան կհասնեն ձեռք բերված 100 նորերը.- «Բավարարում է, մենք ուղղակի պատրաստվում ենք տարբեր սցենարների, այս պահին ընդհանուր առմամբ բավարար է, եթե 100-ն էլ հասնեն, կարելի է ասել, որ հանրապետությունը ամբողջովին կբավարարի»:
Սեղմ ժամկետներում թոքերի օդափոխման սարքերի նախագծման, նաև ամբողջական կամ մասնակի արտադրության առաջարկներ է սպասում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Կայքում տեղադրված հայտարարությունը հետաքրքրել է ինժեներական մոտ 2 տասնյակ ընկերություններ համախմբող Հայաստանի ինժեներական ասոցիացիային:
Գործադիր տնօրեն Վարդան Ալեքսանյանն ասաց՝ սարքի նախատիպն արդեն գծագրել են, կներկայացնեն նախարարություն։ Ի դեպ, վարչապետ Փաշինյանը կորոնավիրուսի այս օրերին պահեստներից հանված ու հենց նրանց մասնագետների վերանորոգած ու դեռ վերանորոգվող թոքերի արհեստական շնչառության սարքերին է այսօր ծանոթացել:
«Ազատության» հարցին, թե ի՞նչ գնի սահմաններում է Հայաստանում հնարավոր արտադրել թոքերի արհեստական շնչառության սարքերը, Վարդան Ալեքսանյանը պատասխանեց.- «Կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև գինը պայմանավորված է լինելու այն ֆունկցիաների ցանկով, որը նախարարությունը կհաստատի, որ տվյալ սարքը պետք է այդպիսի ֆունկցիոնալ հնարավորություններ ունենա»:
Իսկ արդյո՞ք դա ավելի էժան կլինի, քան օրինակ` Չինաստանից ձեռք բերելու դեպքում է արժենում, նա ասաց.- «Ես ենթադրում եմ, որ մրցունակ առաջարկներ պետք է անեն հայաստանյան ընկերությունները, և այստեղ հարցի երկրորդ մասին պետք է անդրադառնամ, որ կարծես թե այսօր շուկայում ոչ ոք չի վաճառում այդ սարքերը, որովհետև բոլոր պետությունները սեփական կարիքների համար են հիմա փորձում անհրաժեշտ քանակությամբ այդ սարքերից ունենալ, այսինքն` ոնց որ թե շուկայում նույնիսկ նորմալ առաջարկներով այդ սարքերի պակասուրդ կա»: