ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը

Մեկ օրում երկու արտահերթ նիստ հրավիրելով այսօր ուշ երեկոյան Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու խնդրահարույց նախագիծը, որը նպատակ ունի պարզել կորոնավիրուսով վարակվածների շրջանակը։

«Կողմ 71, դեմ 0, ձեռնպահ 0, որոշումն ընդունվել է», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Երեկ կեսօրին նույն հարցի շուրջ հրավիրված առաջին արտահերթ նիստում նախագիծը երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվել։ Անհրաժեշտ 67 ձայնը չէր հավաքվել, ընդդիմությունն էլ բոյկոտել և քվեարկությանը չէր մասնակցել։

Աշխատանքային օրվա ավարտին կրկին արտահերթ նիստ հրավիրվեց, և ընդդիմության կողմից սուր քննադատության արժանացած օրինագիծն արդեն այս անգամ առաջին ընթերցմամբ, երեք ժամ հետո էլ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց։ Օրենքի ուժ ստանալու համար մնում է արդեն, որ այն ստորագրի երկրի նախագահը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերթական անգամ փաստաթուղթը ներկայացնելիս պնդեց՝ այն բացարձակապես չի վերաբերում անձանց հեռախոսազանգերի, հաղորդագրությունների բովանդակությունների ստուգմանը։

«Եվս մեկ կարևոր դիտարկում՝ բոլոր անձնավորված, ապաանձնավորված տվյալներն արտակարգ դրության ավարտից հետո ոչնչացվելու են», - հայտարարեց Բադասյանը:

Ընդդիմությունը՝ և՛ «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ), և՛ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունները, այս երկրորդ հրավիրված արտահերթ նիստին չներկայացան։

Ավելի վաղ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել էր՝ իշխանության այս շուտափույթ գործողությունները զոռբայություն են, մեղադրել էր իշխանությանն արտահերթի մասին ուշ տեղեկացնելու համար և եզրակացրել՝ խուսափել են հակափաստարկներից։

Արտահերթի միակ մասնակից իշխանական պատգամավորները շարունակեցին պնդել՝ այս նախագիծը գործիք է, որ օրենսդիր մարմինը տալիս է պարետին մարդկանց կյանքը փրկելու համար։ Չմոռացան ընդդիմության էլ մեղադրել՝ այս կարևոր պահին կրավորական կեցվածք ընդունելու մեջ։

«Ես գուցե որպես պատգամավոր մոռանամ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների այսօրվա պահվածքը, բայց որպես քաղաքացի ես երբեք դա չեմ մոռանալու», - ասաց Ռուբեն Ռուբինյանը:

«Կառավարությունը, եթե նույնիսկ մանանա էլ իջեցնի երկնքից, ինչ ջանքեր էլ գործադրի, այդ բոլորն անիմաստ կլինեն, եթե քաղաքացիներն ընդառաջ չգնան այս քաղաքականությանը: Եթե կառավարությունը անգամ ամեն բակ կարողանա ոստիկան ուղարկել և հորդորի և կարողանա ապահովել, որ տարեց մարդիկ, օրինակ, զրուցարաններում խաղեր չխաղան միասին, չշփվեն, այլ մնան տանը, եթե այդ մարդիկ չուզենան, այդ մարդիկ չենթարկվեն, չգնան, ոչ մի ջանք կառավարության օգուտ չի տա», - նշեց Արարատ Միրզոյանը:

Նախքան քվեարկությունը արտահերթին ներկա պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ամբիոնից հայտարարեց՝ այս ամբողջ գործընթացի նպատակն է տեղորոշել այն անձանց, ովքեր շփվել են վարակակրի հետ։

«Սա չի նշանակում, որ մենք ուզում ենք վերահսկել մարդկանց, սա միայն ու միայն նշանակում է, որ մենք ուզում ենք համաճարակի տարածումը կանխարգելել, հարգելի գործընկերներ: Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ստանաք զանգ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցից, պարետատան անունից, և լսեք այս նախադասությունը, որ ամենայն հավանականությամբ դուք այսինչ օրը, այսինչ վայրում միգուցե շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է, և դուք նույնպես կարող է ռիսկային գոտում լինեք: Դրանից հետո, պետք է խնդրեմ, որ գնաք այն վայր, որտեղ որ պետք է ինքնամեկուսանաք: Բոլորիս ողջախոհություն և առողջություն», - ասաց Ավինյանը: