Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը


Խորհրդարանն այսօր արդեն երկրորդ անգամ արտահերթ նիստ հրավիրեց նույն հարցի վերաբերյալ և առաջին ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու խնդրահարույց նախագիծը, որը նպատակ ունի պարզել կորոնավիրուսով վարակվածների շրջանակը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հենց սկզբից ընդգծեց՝ թե ինչով է պայմանավորված այս հրատապությունը. «Ուզում եմ վերահաստատել մեր դիրքորոշումն այն մասին, որ մենք գտնում ենք, որ կարևոր է անհրաժեշտ գործիքակազմը տրամադրել կառավարությանը և պարետատանն արագ, շտապ գործողություններ իրականացնելու համար: Այսօր թե՛ վարչապետը և թե՛ պարետը լրացուցիչ ներկայացրել են այն հանգամանքները և հրատապությունը հարցի, որով պայմանավորված նախագիծը մտել է Ազգային ժողովի օրակարգ»:

Նույն փաստաթուղթն այսօր առավոտյան նորից արտահերթ նիստի շրջանակում քննարկվել ու չէր ընդունվել։ Անհրաժեշտ էր 67 ձայնը չէր հավաքվել, ընդամենը 65-ն էին կողմ քվեարկել, որից մեկն էլ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր։

«Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները բոյկոտել և չէին քվեարկել։ Կոչի հեղինակը ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էր։ Ի դեպ, ընդդիմադիր խմբակցությունները նույն հարցով հերթական արտահերթ նիստին ներկա չէին։

Այս անգամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ձայները բավարար էին՝ օրինագիծն ընդունելու համար:

«Կողմ 69, դեմ 0, ձեռնպահ 0, որոշումն ընդունվել է», - հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Պատգամավորներին երեք ժամ տրամադրվեց գրավոր առաջարկներ ներկայացնելու համար։ Խնդրահարույց օրինագծի երկրորդ ընթերցումն ակնկալվում է այսօր 21:30-ի սահմաններում։ Արարատ Միրզոյանը հորդորեց ընդդիմադիրներին այս անգամ բաց չթողնել այն։

Երկրորդ արտահերթ նիստից րոպեներ առաջ, սակայն, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ իր վրդովմունքը հայտնեց կատարվածի վերաբերյալ՝ իշխանության այս շուտափույթ գործողությունները որակելով զոռբայություն։

«Խորհրդարանը մերժել է, իշխանությունը նորից նախագիծը բերել է, որ զոռով, զոռբայությամբ անցկացնի, այսինքն՝ առանց ընդդիմության: Այսինքն՝ եթե ուզենային, որ մենք մասնակցեինք այս նիստին, մեկ ժամ շուտ կասեին, չէ՞, հետևաբար չեն ուզեցել, որ մենք մասնակցենք, չեն ուզեցել, որ մենք ելույթներ ունենանք, չեն ուզեցել, որ մենք մեր փաստարկները բերենք, և դա է պատճառը, որ այս ձևով են անում, տեսեք, սիրելի ժողովրդավարները ինչ արագ դառնում են սիրելի ավտորիտարներ», - ասել է Մարուքյանը:

Կարճ ժամանակահատվածում խորհրդարան շտապող իշխանական պատգամավորները բաց չէին թողել ընդդիմադիր պատգամավորի ուղիղ եթերը և արդեն ամբիոնից հեռավար պատասխաններ հնչեցին։

«Ընդհանրապես մեր խորհրդարանական ընդդիմության պահվածքը ինձ համար անհասկանալի է վերջին օրերին: Ամբողջ աշխարհում բոլոր պետություններում, հանրությունները, խորհրդարանական ուժերը միավորվում են հանուն այս համաճարակի դեմ պայքարի, և միայն Հայաստանում է, կարծում եմ, որ քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս ինչքան պոպուլիստական միտք եղել է, որ էսքան ժամանակ չեն օգտագործել, օգտագործում են: Սա ուղղակի անընդունելի է և ամոթալի», - ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց. «Մենք ձեր նման շուստրիություն չենք անում քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար՝ պահի ազդեցության տակ, այլ երկարաժամկետ կտրվածքով մտածում ենք՝ ոնց անենք, որ էս ժողովրդին զերծ պահենք էս ամբողջից: Ասենք Ֆեյսբուքում գոռալ, ճչալը ձեզ չի օգնելու այս հարցում»:

Ի դեպ, նախագծի վերաբերյալ վերապահում ունեն նաև իշխանական պատգամավորները. թե՛ երեկ, թե՛ այսօր նրանից մի քանիսը չէր մասնակցել քվեարկությանը։ Ավելի ուշ՝ նրանցից ոմանք պարզաբանեցին՝ տեխնիկական պատճառներով։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասյօր կեսօրին՝ նախագծի երկրորդ ընթերցման քվեարկության տապալումից հետո, լրագրողների հետ զրույցում պարզաբանեց՝ իրենց պատգամավորների մի մասն Արցախում է, մյուսը՝ ինքնամեկուսացման մեջ, չբացառեց՝ ակնկալում էին՝ այդ երկու ձայնը ընդդիմությունից ստանալ։

«Այո, ընդդիմությունը նախնական հնչեցրել է մի կարծիք, բայց, ամեն դեպքում, խոսքը պարզապես իրավական նորմերի մասին չէ, կա նաև մարդկային և հումանիտար բաղադրիչ: Անձամբ ես մտածում եմ, որ այս դեպքերում շատ հարցեր երկրորդ պլան են մղվում», - ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը»

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը համադարձում է Մակունցին՝ օրինագիծը տապալողն իրենք չէին և պետք չէ թողնել դա ընդդիմության խղճին։

«Մենք ի՞նչ կապ ունենք, մեր հույսո՞վ են իրենք նախագիծ բերում, որ անցկացնենք, իշխանությունն ընդդիմության հույսով է նախագիծ բերում: Մենք ի սկզբանե ասել ենք, որ դեմ ենք, ավելին, իշխանության շատ պատգամավորներ երեկ իրենք արտահայտեցին իրենց բացասական դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ: Այսօր մենք չմասնակցեցինք ընտրությանը, իշխանության եղած պատգամավորները կողմ քվեարկեցին, ընդամենը սա է իրավիճակը, այստեղ որևէ այլ բան պետք չէ երևակայել: Կարելի է ընդամենը սեփական խմբակցության պատգամավորներին հրավիրել աշխատանքի», - ասաց Սիմոնյանը:

Թեպետ նախագծի հեղինակները պնդում են, որ արտակարգ դրության ավարտից հետո հավաքագրված անգամ ապանձնային տվյալները ոչնչացվելու են, սա միջոց է կյանքեր փրկելու համար, միևնույն է ընդդիմադիրները հակադարձում են՝ սա խնդրին համաչափ լուծում չէ:

Ի դեպ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ ափսոսանք հայտնեց նախագծի տապալման համար: Վարչապետի խոսքով՝ սահմանափակումների մասին նախագիծը քաղաքական ենթատեքստ չունի:

XS
SM
MD
LG