Գյումրեցի գործարար․ Կառավարության աջակցության ծրագիրը «մեծ հարց չի լուծում, բայց մատից փուշ կհանի»

Հագուստի ու կոշիկի մանրածախ առևտրով զբաղվող ձեռներեց Արման Բաղդասարյանը կարծում է, որ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու նպատակով Կառավարության տրամադրելիք աջակցությամբ հնարավոր կլինի գոնե աշխատողի օրվա հացի խնդիրը լուծել:

«Նախևառաջ մարդկանց օրվա հացն ապահովելու հարցն է լուծում, բիզնեսը փրկում է էն տեսակետից, որ եթե Կառավարության աջակցություն չլիներ, որպեսզի մենք պահենք մեր աշխատողներին, մենք ստիպված պիտի լինեինք մեր գրպանից տայինք այդ գումարը։ Իսկ այս պարագայում պետության օժանդակումը մեզ օգնում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց գործարարը։

Կառավարությունը երեկ արտահերթ նիստում սոցիալական աջակցության փաթեթներ հաստատեց, որոնցից կարող են օգտվել, օրինակ, այս օրերին առանց աշխատանքի մնացած առևտրի, սպասարկման, հանրային սննդի, զբոսաշրջության ոլորտի և գեղեցկության սրահների վարձու աշխատողները։ Բացառություն են սնունդ, ալկոհոլ և ծխախոտ վաճառող կետերը, որոնց աշխատանքը չի սահմանափակվել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության հետևանքով:

Արման Բաղդասարյանն ասում է, որ տարածքը վարձակալությամբ է վերցրել և առայժմ կարողացել է պայմանավորվել, որ վարձ չմուծի, բայց եթե այս իրավիճակը շարունակվի, սա արդեն խնդիր կդառնա և՛ իր, և՛ տարածքի սեփականատիրոջ համար․ - «Պայմանավորվել ենք, որ ինչ-որ զիջումներ լինեն, բայց այնուամենայնիվ, անվերջ դա շարունակվել չի կարող․․․ Ես նաև հարցը դիտարկում եմ այդ տարածքի սեփականատերերի տեսանկյունից։ Լավ, ֆորսմաժորային իրավիճակ է, չեն տալիս։ Եթե այդ մարդկանց ապրուստի միակ աղբյուրն էր տարածքի վարձակալությունից եկած գումարը, իրենք այսպես թե այնպես ծանր կացության մեջ են հայտնվում»։

Գեղեցկության սրահի սեփականատեր Արտակ Մելիքյանը ծանոթ է Կառավարության ծրագրին, կարծում է՝ մեծ հարց չի լուծում, բայց մատից փուշ կհանի․ - «Գոնե վարձու աշխատողի, ով որ կաշխատի օրավարձով, հնարավորություն կընձեռնվի այս մեկ ամիսը կամ ամիս ու կեսը գոնե իրանց օրվա հացը վաստակելու համար»։

Մելիքյանը չի պատրաստվում բիզնեսը փակել, համաճարակը կհաղթահարվի, իրենք էլ իրենց գործը կշարունակեն:

Գյումրիում անցած տարի տուրիստական բում գրանցվեց: Ոլորտով զբաղվողները, հաշվի առնելով անցած տարվա ցուցանիշները, նախապատրաստվել էին այս տարվան։

«Գյումրի տուր» տուրիստական գործակալության օպերատոր Գոռ Թորոսյանը մանրամասն ուսումնասիրել է Կառավարության առաջարկած աջակցության ծրագիրը: Թիմով քննարկել են ու որոշել չդիմել, քանի որ, կարծում են, որ տրամադրվող գումարով որևէ հարց չի լուծվի․ - «Տված ֆինանսական չափն է 68 հազար դրամ կամ 136 հազար դրամ, դա որևէ լուրջ հարց չի կարող լուծել՝ եթե կազմակերպությունները կատարել են լուրջ ներդրումներ, ունեն բիզնես վարկեր, որոնք սպասարկել է պետք։ Դրանք էլ մի կողմ դրած, արդեն իսկ կա հանապազօրյա հացի խնդիր։ Մարդիկ պետք է կարողանան գոնե իրենց հացի խնդիրը լուծել»։

Կառավարությունն աջակցելու է միայն գրանցված աշխատողներին, ստվերում աշխատողները չեն կարողանա օգտվել սոցիալական փաթեթներից։ Մի քանի օրից կգործարկվի հարթակ, որտեղ գրանցվելով, աշխատանքը կորցրած անձինք կկարողանան դիմել գործադիրին։