Մատչելիության հղումներ

«Մինիմում կբավարարի». մանր ձեռներեցները՝ իրենց աջակցություն տրամադրելու ծրագրի մասին


Մանր ձեռներեցները դրական են գնահատում կառավարության՝ իրենց համար նախատեսված սոցիալական օգնության ծրագրերը, այդուհանդերձ հավելելով՝ դա բավարար չէ ծանր կացությունից դուրս գալու համար։

Կառավարությունը երեկ որոշեց մեկանգամյա դրամական աջակցություն տրամադրել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածում տուժած ձեռներեցներին, մասնավորապես՝ հյուրանոցային, հանրային սննդի, զբոսաշրջային ոլորտների, գեղեցկության սրահների և մանրածախ առևտրի ոլորտի աշխատակիցներին։ Տուժած չեն համարվում սննդի, ծխախոտի, դեղորայքի, ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտուր իրականացնողները։

Այս ոլորտների աշխատողների համար օգնությունը կտրամադրվի հունվար, փետրվար ամիսներին իրենց ունեցած միջին աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց նվազագույն աշխատավարձից ոչ պակաս, ոչ էլ դրա կրկնապատիկից ավելի։

Աջակցության համար շահառուները online.ssa.am կայքին պիտի դիմում ներկայացնեն։

«Ազատությունը» զրուցեց պոտենցիալ շահառուներից մի քանիսի հետ։ Մայրաքաղաքի գեղեցկության սրահներից մեկի տնօրեն Հեղինե Թորոսյանի գնահատմամբ այս օժանդակությունը ոչ ամբողջությամբ, բայց կբավարարի իրենց։

«Մինիմում կբավարարի, ճիշտն ասած, ելնելով նրանից, որ աշխատավարձերը ավելի բարձր են», - ասաց Թորոսյանը:

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով սրահը զգալի կորուստներ է ունեցել: «Կորուստները եռակի է՝ հաշվի առնելով, որ պետք է տարածքի վարձ տանք, հոսանքի գումար տանք, մի քանի անգամ ավելի է», - նշեց տնօրենը:

Կինն ասում է՝ եթե այս իրավիճակը 1,5 ամսից երկար տևի, չեն գոյատևի։

Զբոսաշրջային ոլորտի կազմակերպություն ղեկավարող Տաթևիկ Հարությունյանը ողջունում է կառավարության նախաձեռնությունը:

«Այս կոնկրետ պահի դրությամբ շատ մեծ օգնություն է այս ոլորտում զբաղված շատ ընկերությունների համար, որոնց համար բեռի թեթևացում է զգալի», - ասաց Հարությունյանը:

Երկարաժամկետ հեռանկարում, Հարությունյանի խոսքով, կառավարությունը պիտի ավելի խորքային լուծումներ գտնի, քանի որ զբոսաշրջությունը կարևոր ոլորտ է Հայաստանի համար:

«Իմ կանխատեսումներով այս սեզոնը մենք կունենանք որպես կորցրած սեզոն, չեղարկվում են ներգնա տուրեր մինչև 6-7 ամսվա խորությամբ, արտագնա տուրեր մինչև 6 ամսվա խորությամբ: Սա նշանակում է, որ մինչև տարվա վերջ մարդիկ չեն պլանավորում զբոսաշրջային ծառայություններից օգտվել, թեկուզ եթե բացվեն սահմանները, ակնկալիքները շատ ավելի հոռետեսական են: Այս ֆոնի վրա մեկանգամյա օգնությամբ ակնկալել ոլորտի աշխուժացում, ցավոք սրտի, կարծում եմ՝ ճիշտ չէ», - ընդգծեց նա:

Հյուրանոցներից մեկում պնդեցին՝ վճարումներ չկատարելու պատճառով անջատել են իրենց գազամատակարարումը, չնայած օրեր առաջ կառավարությունը տեղեկացրել էր, որ անջատումներ չպետք է լինեն։

«Մեր գազն այսօրվա դրությամբ անջատել են, պետությունն անջատել է, հնարավորություն չտվեցին, որ մենք աշխատենք, մեր աշխատողների օրավարձը վճարենք գոնե», - ասաց հյուրանոցի ներկայացուցիչը:

Այստեղ կառավարության որոշումից տեղյակ չէին:

Մեկ այլ հյուրանոցում էլ տնօրենը վստահեցրեց՝ աշխատավարձեր տալիս են, բայց էլ չեն «ձգում»:

XS
SM
MD
LG