Մարտի 31-ին Չեխիայում տեղական ժամանակով առավոտյան 8:30-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսի 3002 դեպք, մահացել է 24 մարդ, ապաքինվել է 25 հիվանդ:
Երեկ Չեխիայում համավարակի դեմ պայքարում կադրային փոփոխություն է տեղի ունեցել՝ հակաճգնաժամային շտաբը գլխավորել է փոխվարչապետ Յան Համաչեկը, ով նաև ներքին գործերի նախարարի պաշտոնն է զբաղեցնում:
Շտաբի այլևս նախկին նախագահ, առողջապահության փոխնախարար, մասնագիտությամբ վարակաբան Ռոման Պրիմուլան գլխավորել է շտաբին կից նոր խումբ, որի առաքելությունն է իրականացնել «խելամիտ կարանտինի» ծրագիրը:
Այդ կարանտինը պատկան մարմիններին ընձեռում է հեռախոսներում տեղադրվող հավելվածներով, GPS-ներով և բանկային քարտերի ակտիվությունը վերլուծելով՝ քաղաքացիների տեղաշարժին հետևելու հնարավորություն:
Այդպես կորոնավիրուսի դեմ պայքարող կառույցները կկարողանան պարզել ախտահարվածի տեղաշարժը և նրա շփումների շրջանակը:
Ինչպեսև շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Չեխիայում էլ մամուլում և քաղաքական շրջանակներում լուրջ քննարկումներ են եղել՝ արդյո՞ք դա չի սահմանափակում անձի ազատությունը, արդյո՞ք պետությունն ունի մարդու անձնական տվյալները գրանցելու, տեղաշարժին հետևելու, այդ մասին տարբեր կառույցների հետ ինֆորմացիա փոխանցելու իրավունք, արդյո՞ք այն համապատասխանում է օրենքին և բարոյականության նորմին:
Այսպիսի հանրային քննարկումներ եղել են: Չեխիայի պետությունը բացատրել է քաղաքացիներին պահի արտակարգ լրջությունը:
Համավարակաբան, «խելամիտ կարանտինի» ծրագրի համակարգող Ռոբերտ Պրիմուլան պարզաբանում է, թե ինչ է իրենից ներկայացնում զարմանալի անունով այդ նախաձեռնությունը, որը պիլոտային տարբերակով հիմա իրականացվում է Չեխիայում՝ Հարավային Մորավիա անվամբ շրջանում:
«Խելամիտ կարանտինի թիվ մեկ նպատակն է կանխել վարակի պայթունաձև տարածումը, երբ կարճ ժամանակահատվածում միանգամից վարակվում են մեծ թվով մարդիկ, դա կաթվածահար է անում առողջապահության առանց այն էլ բարդ վիճակում աշխատող համակարգը», - ասել է Պրիմուլան:
Ժամանակ շահելը չափազանց կարևոր է հիվանդանոցների համար, քանի որ այդպես կկարողանան բուժել իրենց մոտ գտնվող հիվանդներին, դուրս գրել նրանց և տեղ ազատել նոր հիվանդների համար:
Այդ նպատակով արդիական տեխնոլոգիաները կօգնեն բացահայտել անցած հինգ օրում հիվանդի տեղաշարժը, պարզել, թե երբ, որտեղ, ում հետ է շփվել նա, «մինի-կարանտինների» ենթարկել նրա հետ շփվողներին:
Անձը պետք է իր համաձայնությունը տա, որ բջջային օպերատորը և բանկերը մշակեն նրա տվյալները: Եթե անձը դա մերժի՝ նրա հետ կհանդիպի սանիտարական ծառայության ներկայացուցիչը, ով կգրանցի նրա հանդիպումների մասին տեղեկությունները և կկազմի նրա տեղաշարժի քարտեզը:
Վարակվածին հանդիպած մարդիկ, ովքեր տեսականորեն կարող են վարակակիր դառնալ՝ պետք է ինքնամեկուսացվեն և ստուգման ենթարկվեն:
Չեխիայում «խելամիտ կարանտինի» ռեժիմի իրականացումն ապահովում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ճգնաժամային շտաբը, որի աշխատանքին սատարում են բանակը, Առողջապահության նախարարությունը, բանկերը, բջջային կապի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները:
Հարավային Մորավիայում ծրագրի պիլոտային փուլը կվերլուծվի և Զատիկից հետո կիրականացվի արդեն Չեխիայի ամբողջ տարածքում:
Երկրներն արտակարգ պայմաններում են անցնում այս ռեժիմներին, և երբեմն նորամուծությունները լավ չեն աշխատում, մարդիկ դժգոհում են:
Լեհաստանում էլ բջջային հեռախոսի միջոցով հետևում են մարդու կողմից կարանտինի ռեժիմը պահպանելու ընթացքին:
«Մենք այս հավելվածների հետ մեծ փորձ չունենք, պետք է GPS միացնես, մի կերպ մտանք կայք, որ ապացուցենք, թե տանն ենք, ռոբոտ չենք, ամեն օր նոր ինֆորմացիա ես ստանում, հավելվածով պետք է զեկուցես՝ երբ ես գնացել խանութ, աղբը դուրս տարել, դեղ ստացել, կարդացել կորոնավիրուսի մասին վերջին ամփոփագիրը», - ասել է Վիետնամից կնոջ և պստիկ դստեր հետ արձակուրդից վերադարձած Մարցին Ռեզնիկը:
Նրա փոխանցմամբ, հաճախ խճճվում ես, չգիտես ինչ են ուզում կարանտինին հետևվողները:
Մեթոդը կատարյալ չէ, բայց լեհական տարբերակն ունի հետաքրքիր նորամուծություն՝ կարանտինի ենթարկվածը պետք է ռեժիմին հետևող մարմնից պահանջը ստանալուց ի վեր քսան րոպեի ընթացքում «սելֆի» անի և ուղարկի կենտրոն:
Հավելվածն ունի անձի դեմքը ճանաչելու հնարավորություն և GPS համակարգով գրանցում է կարանտինի ենթարկվածի գտնվելու վայրը:
Ռեժիմի խախտումը ենթադրում է ոչ միայն մեծ տուգանք, այլև՝ եթե հանրության համար վտանգավոր հետևանք լինի, նաև քրեական պատասխանատվություն:
Թվային տեխնոլոգիաների և բջջային կապի ընձեռած եղանակով կարանտինի ռեժիմին հետևելու համակարգերը շատ արդյունավետ աշխատում են Հարավային Կորեայում, Իսրայելում, Գերմանիայում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում: