«Թոքերի արհեստական շնչառության 100 հազար սարքերի թողարկում 100 օրում». անցած գիշեր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկյան արդյունաբերության առջև նման խնդիր դրեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` անկեղծորեն խոստովանելով, որ կորոնավիրուսով հիվանդ հազարավոր մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող այդ սարքավորումների արտադրության հարցում իր վարչակազմը մինչ օրս չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ ԱՄՆ-ում գործող խոշորագույն ընկերություններից մի քանիսի` նախևառաջ համապատասխան արտադրական հզորություններով օժտված General Motors-ի հետ:
«Մենք պարզապես չենք կարողանում համաձայնության գալ General Motors-ի հետ: Մենք պետք է ներգրավենք այդ մարդկանց [կորոնավիրուսի դեմ պայքարում], բայց ցավով պիտի արձանագրեմ, որ հենց սկզբից այդ ընկերությունների ներկայացուցիչները այնքան էլ ճիշտ հայտարարություններով հանդես չեկան, ինչը սխալ էր նախևառաջ մեր երկրի շահերի տեսանկյունից», - հայտարարել է Թրամփը:
Խոշոր բիզնեսի հետ այս հակասություններն էին պատճառը, որ ուրբաթ երեկոյան Միացյալ Նահանգների նախագահը կրկին ուժի մեջ դրեց դեռ 1950 թվականին` կորեական պատերազմի տարիներին ընդունված, «Պաշտպանական արտադրության մասին» օրենքը, որը հնարավորություն է տալիս դաշնային իշխանություններին թելադրել մասնավոր ընկերություններին, թե պետությանն անհրաժեշտ ինչ արտադրանք է հարկավոր թողարկել:
Ավելի վաղ, արդյունաբերական խոշոր ընկերություններին` թոքերի արհեստական շնչառության սարքերի արտադրության մեջ ներգրավելու նպատակով այս օրենքը գործարկելու կոչով Թրամփին էին դիմել նրա քաղաքական ընդդիմախոսները` մասնավորապես Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին:
Այժմ, երբ Միացյալ Նահանգները, այդ թվում՝ Թրամփի հայրենիք Նյու Յորքը դարձել են կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոններից մեկը, քաղաքական հակասությունները ակնհայտորեն երկրորդ պլան են մղվում:
Թրամփի երեկվա հայտարարություններից նաև պարզ էր դառնում, որ ամերիկյան խոշոր բիզնեսը թոքերի արհեստական շնչառության սարքավորումների արտադրության հարցում պառակտված է: Ըստ ԱՄՆ նախագահի, այս սարքերի արտադրության ծավալների կտրուկ մեծացմանը General Motors-ից բացի դեմ է նաև բացառապես բժշկական սարքավորումների արտադրության վրա մասնագիտացած Ventec ընկերությունը:
Ford-ը և General Electric-ը հակառակը, ըստ Թրամփի, «հայրենասիրական» մոտեցում են որդեգրել` խոստանալով ընդառաջել Սպիտակ տան խնդրանքին և ձեռնամուխ լինել արհեստական շնչառության սարքերի լայնածավալ արտադրությանը:
Հարկ է նկատել, սակայն, որ այս հարցում ամերիկյան խոշոր ընկերությունների վերապահումների գլխավոր պատճառը ոչ միայն բիզնես շահերն են, այլև վերջին շաբաթներին Սպիտակ տնից ստացվող հակասական ազդակները: Բառացիորեն երկու օր առաջ նախագահ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասում էր, թե չի կարծում, որ ամերիկյան հիվանդանոցները 30 կամ 40 հազար արհեստական շնչառության սարքերի կարիք զգան:
Ուշագրավ է, որ Թրամփի այդ հայտարարությունը հնչեց այն նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները վարակակիրների թվով առաջ է անցել թե՛ Չինաստանից և թե՛ Իտալիայից:
«Ես կարծում եմ, որ շատ մեծ է հավանականությունը, որ մենք նման մեծ քանակությամբ թոքերի արհեստական շնչառության սարքերի կարիք չենք ունենա: Կասեի անգամ, որ այդ հավանականությունը շատ մեծ է: Դրա հետ մեկտեղ մենք հայտնվել ենք բավական հետաքրքիր մի իրավիճակում: Մենք ի վիճակի ենք այդ 100 հազար սարքերն արտադրել բավական կարճ ժամանակահատվածում և փոխանցել դրանք մեր բարեկամ պետություններին, որոնք նման սարքավորումների սուր կարիք ունեն: Եթե այդ սարքավորումները մեզ պետք չգան, մենք կարող ենք դրանք որպես օգնություն տրամադրել Իտալիային կամ Միացյալ Թագավորությանը», - ասել է Թրամփը:
Այստեղ Դոնալդ Թրամփը միանգամայն ճիշտ է: Եվրոպական մի շարք պետություններում` նախևառաջ Իտալիայում իրադրության բարելավման որևէ նշույլ առայժմ չի նկատվում: Հարավային Եվրոպայի խոշորագույն պետությունը շարունակում է նոր հակառեկորդներ սահմանել: Ուրբաթ երեկոյան հրապարակված պաշտոնական տեղեկությունների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում գերազանցել է 900-ը: Կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը Իտալիայում անցել է 9 հազարից, վարակակիրների թիվը 86 հազար է:
Գերմանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գրեթե 50 հազար է, 325 մարդ մահացել է:
Բավական լուրջ է իրադրությունը նաև Մեծ Բրիտանիայում: Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Բորիս Ջոնսոնի և առողջապահության նախարար Մեթ Հենքոկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Մեծ Բրիտանիայում զոհերի թիվը այս պահին ընդհուպ մոտեցել է 800-ին:
Ֆրանսիայում մեկ օրում 300 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը գրեթե 2 հազար է: Ֆրանսիայի վարչապետի խոսքով՝ առաջիկա օրերին, ըստ ամենայնի, մահացությունների թվի զգալի աճ է նկատվելու:
Վերադառնալով Միացյալ Նահանգներում տիրող կացությանը՝ նշենք, որ վերջին տվյալների համաձայն, այստեղ կորոնավիրուսի 104 հազար վարակակիր կա, նրանց գրեթե կեսը` 46 հազարը Նյու Յորքում: Դա է պատճառը, որ ամերիկյան խոշորագույն մեգապոլիսի իշխանությունները պատրաստվում են Նյու Յորքի տարածքում ութ ժամանակավոր հիվանդանոց կառուցել` վարակակիրների սպասվող հոսքը ինչ-որ կերպ կարգավորելու նպատակով:
Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը Միացյալ Նահանգներում վերջին տվյալներով հասել է 1700-ի:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի համաշխարհային վիճակագրությանը, ապա այն հետևյալ տեսքն ունի` 602 հազար վարակակիր, ավելի քան 27 հազար զոհ: