Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի բռնկման էպիկենտրոն դարձած Լոմբարդիա նահանգի Պավիա գավառի Ֆերերա Էրբոնոնե փոքրիկ քաղաքում, որտեղ հազարից քիչ ավելի բնակիչների մեծամասնությունը 60-ից բարձր տարիքի են, կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել: Գիտնականները ենթադրում են, որ տեղացիների օրգանիզմն այդ հիվանդության դեմ հակամարմին ունի:
Այժմ Իտալիայում փորձում են հասկանալ այդ գլուխկոտրուկը: Մոտակա Պավիայի Մոնդինոյի ինստիտուտը սպասում է բնակիչների շրջանում հետազոտություն սկսելու՝ կառավարության թույլտվությանը: Քաղաքապետը բնակիչներին պաշտոնապես տեղեկացրել է, որ կարող են անվճար և կամավոր սկզբունքով արյան թեստ հանձնել: Հրավիրվել են նաև Իտալիայի այլ քաղաքներում բնակվող նրանց ընտանիքների անդամները: Հետազոտությունը պետք է հստակեցնի՝ արդյո՞ք Ֆերերա Էրբոնոնեի բնակիչներն իսկապես հակամարմին ունեն, որը բնական կերպով պաշտպանում է նրանց կորոնավիրուսից:
Նախնական վարկածի համաձայն՝ այս փոքրիկ քաղաքի բնակչության իմունային համակարգում ինչ-որ բան կա, որը կօգնի հասկանալ, թե ինչու որևէ մեկն առայսօր չի վարակվել արագ տարածվող կորոնավիրուսով: Ամենայն հավանականությամբ՝ այդ հանգամանքը պայմանավորված է հեռավոր այս քաղաքի բնակչության ժառանգականությամբ: Ուսումնասիրությունը թերևս վերհանի նրանց և հայրենակիցների տարբերությունը, ինչն էլ կարող է Իտալիայում և ողջ աշխարհում տասնյակ հազարավոր կյանքեր խլած համաճարակի դեմ պայքարի բարդ գործի գլխավոր բանալին դառնալ՝ իր հերթին հեշտացնելով սպասված պատվաստանյութի ստեղծումը:
Իտալիայի կառավարությունը, այդուհանդերձ, զգուշավոր լավատեսություն ունի և հորդորում է ժամանակից շուտ առասպելներ չկերտել. հնարավոր է՝ մյուս բնակավայրերի պես կարանտինի պայմաններում գտնվող այդ քաղաքի բնակիչները պարզապես պատահականության սկզբունքով չեն վարակվել համաճարակով և ի տարբերություն իտալական մյուս շրջանների բնակիչների՝ խստորեն կատարել են իշխանությունների պահանջները՝ մնացել են տանը, հետևել են հիգիենայի կանոններին, հավաքներ չեն անցկացրել:
Մյուս կողմից, իշխանությունները ևս ընդունում են՝ համաճարակի ճիրաններում հայտնված Իտալիայի փոքրիկ այդ բնակավայրում բացառիկ իրավիճակ է: Վերջին խոսքը, սակայն, գիտնականներինն է:
Մինչ այդ, Իտալիայում համաճարակը օրական հարյուրավոր մարդկանց կյանք է խլում : Այդ երկիրը կորոնավիրուսից աշխարհում ամենաշատը տուժած երկրներից է, մահացածների ամենամեծ թիվն Իտալիայում է՝ մոտ 11 հազար մարդ, երեկվա տվյալներով՝ վարակվածների թվի փոքր-ինչ նվազում է արձանագրվել. կիրակի օրը հաստատվել է 5 հազար 217 նոր դեպք, ինչը մարտի 25-ից ի վեր նվազագույն աճն է մեկ օրվա կտրվածքով: Վարակվածների ընդհանուր թիվն Իտալիայում հասել է 97 հազար 689-ի, նախօրեին մահացել է 756 մարդ: