Մատչելիության հղումներ

Իտալացի բժիշկները ահազանգում են կորոնավիրուսի դեմ պայքարի դժվարությունների մասին


Իտալիա - Կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոցում բուժօգնություն են ցուցաբերում, Կրեմոնա, 19 մարտի, 2020թ.
Իտալիա - Կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոցում բուժօգնություն են ցուցաբերում, Կրեմոնա, 19 մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի հիմնական օջախը` Իտալիան, շարունակում է հակառեկորդներ սահմանել:

Վերջին 24 ժամերին այդ երկրում կորոնավիրուսից մահվան 475 նոր դեպք է արձանագրվել: Համաճարակի բռնկումից ի վեր սա մեկ օրում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է: Այսպիսով, Իտալիայում համաճարակի հետևանքով մահացածների ընդհանուր թիվն ընդհուպ մոտեցել է 3 հազարին: Մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն աճել է 4 հազար 207-ով: Այս պահին Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 35 հազարը: Իտալացի բժիշկներն անկեղծորեն խոստովանում են, որ համաճարակի նման ծավալներին դիմակայելը գնալով ավելի ու ավելի դժվար է:

Այս մասին էր չորեքշաբթի երեկոյան սոցիալական ցանցերի միջոցով տարածած իր ուղերձում հայտարարում Բերգամոյի Հռոմի Պապ Հովհաննես 23-րդի անվան հիվանդանոցի ղեկավարներից մեկը` Ստեֆանո Ֆաջիոլին:

«Մենք չգիտենք, թե որքան է դեռ շարունակվելու այս համաճարակը: Այդ իսկ պատճառով, ես ցանկանում եմ երկու ուղերձ հնչեցնել: Առաջինն ուղղված է բնակչությանը` մնացեք տանը: Երկրորդն այն բոլոր մարդկանց է ուղղված, որոնք ցանկանում են ինչ-որ կերպ օգնել մեզ: Մենք բուժքույրական անձնակազմի և բժիշկների, ինչպես նաև արհեստական շնչառության սարքերի ու պաշտպանիչ միջոցների խիստ կարիք ունենք», - հայտարարում էր իտալացի բժիշկը:

Ֆրանսիայում ևս իրադրությունը շարունակում է խիստ լարված մնալ: Պաշտոնական Փարիզի տեղեկություններով՝ մեկ օրում երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսից մահվան 89 դեպք է արձանագրվել: Մահացությունների թիվը այդպիսով Ֆրանսիայում հասել է 264-ի, հիվանդության հաստատված դեպքերինը` ավելի քան 9 հազարի: Ֆրանսիայի իշխանությունները հրահանգել են երկրի բնակչությանը առանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս չգալ: Որպես հետևանք, անօդաչու թռչող սարքերից արված նկարահանումները վկայում են` եվրոպական ամենամեծ մեգապոլիսներից մեկը համարվող Փարիզը գրեթե դատարկ է:

Կորոնավիրուսի ասիական օջախը հարևան Իրանն է: Վերջին մեկ օրում այստեղ, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսից 147 մարդ է մահացել, վարակակիրների ընդհանուր թիվը ավելի քան 17 հազար է:

Օվկիանոսից այն կողմ` Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել արդեն բոլոր 50 նահանգներում:

Կանադայում, որտեղ կորոնավիրուսի 700-ից ավելի հաստատված դեպք է արձանագրվել, 9 հոգի էլ մահացել է, կառավարությունը փորձում է, մի կողմից, սահմանափակել վարակի տարածումը, մյուս կողմից՝ անել հնարավորը համաճարակի տնտեսական հետևանքները նվազագույնին հասցնելու համար: Նախօերին հայտնի դարձավ, որ գրեթե ամբողջությամբ փակվում է Կանադայի և Միացյալ Նահանգների ցամաքային սահմանը: Դրա հետ մեկտեղ, երկրի կառավարությունը հակաճգնաժամային նոր փաթեթ է հաստատել:

«Այս արտակարգ ժամանակաշրջանում մեր կառավարությունը դիմում է արտակարգ միջոցների: Մենք որոշել ենք շուրջ 27 միլիարդ դոլարի ուղղակի օժանդակություն ցուցաբերել կանադացի աշխատավորներին և գործարարներին: Բացի այդ, հաշվի առնելով կանադական ընկերությունների և շարքային քաղաքացիների շրջանում նկատվող ֆինանսական միջոցների պակասը, որոշել ենք հետաձգել 55 միլիարդ դոլար կազմող հարկերի գանձումը, ինչը թույլ կտա կայունացնել տնտեսական վիճակը երկրում», - հայտարարում էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի ծագման օջախին` Չինաստանին, ապա այստեղ իրադրությունն աստիճանաբար շտկվում է: Պաշտոնական Պեկինի տեղեկություններով՝ վերջին 24 ժամերին երկրում կորոնավիրուսի 21 նոր դեպք է արձանագրվել, որոնց մեծ մասը՝ արտերկրից՝ նախևառաջ Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից ժամանածների մոտ:

Համաճարակից ամենաշատը տուժած Հուբեյ նահանգում նախորդ 24 ժամերին կորոնավիրուսից մահվան 8 դեպք է արձանագրվել: Համեմատության համար նշենք, որ երեք շաբաթ առաջ` մարտի 1-ին, մեկ օրում 42 մարդ էր մահացել, իսկ ուղիղ մեկ ամիս առաջ` փետրվարի 19-ին, այդ թիվը գերազանցում էր 100-ը:

XS
SM
MD
LG