Աշխարհում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 57 հազարով, ընդհանուր ցուցանիշը հասել է մոտ 735 հազարի: Վարակվածների մոտ մեկ հինգերորդը` 150 հազարը արդեն առողջացել է, մահացել է շուրջ 35 հազար մարդ, կես միլիոնից ավելին շարունակում են պայքարել վիրուսի դեմ:
Վարակակիրների թվով առաջատարն աշխարհում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները: Անցած մեկ օրում այստեղ վարակի ևս 18 հազար նոր դեպք է արձանագրվել, ինչը աշխարհում գրանցված նոր դեպքերի շուրջ մեկ երրորդն է: Նախագահ Թրամփը, ով շաբաթներ առաջ լավատեսական կանխատեսումներ էր անում հիվանդության արագ հաղթահարման մասին, երեկ երկարաձգել է վիրուսի տարածումը կանխելուն ուղղված սահմանափակումները, դրանք ուժի մեջ կլինեն ևս մեկ ամիս` մինչև ապրիլի վերջը:
Չինաստանը, որտեղ սկիզբ էր առել վարակը անցած տարեվերջին, այլևս չորրորդն է վարակվածների թվով: Այսօր այդ երկրից առաջ անցավ նաև Իսպանիան, որտեղ վերջին 24 ժամում 7 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել` ընդհանուր ցուցանիշը հասցնելով 85 հազարի: Այսօր հաղորդվեց, որ նոր վիրուսով վարակվել է նաև երկրի թիվ մեկ համաճարակաբան, վիրուսի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Ֆերնանդո Սիմոնը:
Վիճակագրական վերջին տվյալներն այսօր նրա փոխարեն ներկայացրեց տեղակալը` Մարիա Խոսե Սիերան` պնդելով, թե կան լավատեսության որոշակի հիմքեր. - «Մենք նկատում ենք, մարտի 15-ից հետո, երբ կառավարությունը սահմանափակումներ մտցրեց, նոր դեպքերի աճը սկսել է նվազել: Մինչև այդ մենք արձանագրում էինք օրական քսան տոկոս աճ, մինչեռ հիմա` սահմանափակումներից տասն օր անց, այդ ցուցանիշը հասել է 12 տոկոսի»:
Նախօրեին կառավարությունն է'լ ավելի է խստացրել երկրով մեկ հայտարարված կարանտինը. այսօրվանից Իսպանիայում աշխատանքի կարող են դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության ոլորտի աշխատողները:
«Նրանք, սակայն, որ կմնան տանը, կշարունակեն վարձատրվել սովորականի նման», - երեկ հավաստիացրել է վարչապետ Պեդրո Սանչեսը:
Մադրիդում կեսօրին մեկ րոպե լռությամբ հարգել են հիվանդությունից մահացածների հիշատակը, մայրաքաղաքում դրոշներն իջեցված են, ինչպես սգո օրերին, փողոցներն ամայի են:
Մյուս էպիկենտրոնը Իտալիան է, որտեղ վարակվածների թիվն արդեն մոտենում է հարյուր հազարին, մահացել է տասը հազարից ավելի մարդ:
Ընդհանուր առմամբ, աշխարհում արձանագրված մահվան դեպքերի կեսից ավելին բաժին է ընկնում հենց այս երկու եվրոպական երկրներին` Իտալիային և Իսպանիային: Նախօրեին, դիմելով Եվրամիության առաջնորդներին, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին ընդգծել էր. – «Եվրոպան կանգնած է աննախադեպ մարտահրավերի առաջ, որին պետք է արձագանքել աննախադեպ ռազմավարությամբ: Այս արտակարգ դրությունը և ստեղծված իրավիճակը արդեն իսկ մեծ հարված են հասցրել մեր տնտեսություններին, սակայն, իրական վնասները հետո են երևալու, և մեզ անհրաժեշտ է աննախադեպ համախմբում տնտեսությունը վերականգնելու համար, մի մեծ եվրոպական Մարշալի պլան»:
Արդեն երկրորդ ամիսը համաճարակի դեմ պայքարող երկրում լավատեսության որոշակի նշույլ է երևում. երկրորդ օրն է` մահվան դեպքերը աննշան, բայց նվազում են:
«Դեռ վաղ է խոսել հաղթանակի մասին, սակայն թունելի վերջում կարծես լույս է երևում», - գրում են տեղական թերթերը:
Մինչ այդ վարակակիրների զգալի աճ է արձանագրվում Գերմանիայում: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, անցած մեկ օրում նոր դեպքերն ավելացել են մոտ 5 հազարով, ընդհանուր ցուցանիշն անցել է 62 հազարից: Վիճակագրությունը միաժամանակ փաստում է, որ Գերմանիայում մահվան ցուցանիշները շատ ավելի ցածր են, քան հարևան մի շարք երկրներում, ասենք, Ֆրանսիայում, Շվեյցարիայում կամ Բելգիայում:
Փաստացի Գերմանիայում մահացության ցուցանիշը մեկ տոկոսի էլ չի հասնում. մինչ օրս երկրում կորոնավիրուսից մահացել է 541 մարդ: Մինչդեռ Իտալիայում այդ ցուցանիշը հասնում է 11 տոկոսի, Իսպանիայում` 8,5, Ֆրանսիայում` 6,5:
Մասնագետները մի քանի պատճառ են մատնանշում: Նախ, Գերմանիայի առողջապահական համակարգը շատ ավելի հարուստ է և զարգացած: 60 միլիոն բնակիչ ունեցող Իտալիայում, օրինակ, համաճարակի բռնկման պահին մոտ հինգ հազար մահճակալ կար վերակենդանացման բաժանմունքներում, Գերմանիայում` 28 հազար:
Գերմանիայի թիվ մեկ համաճարակաբան, այս հարցում կանցլեր Անգելա Մերկելի գլխավոր խորհրդատու Քրիստիան Դրոզտենը պնդում է, որ հիմնական պատճառն իրենց ռազմավարությունն է. – «Գերմանիայում մահացության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված է զանգվածային թեստավորմամբ: Մոտավոր հաշվարկներով, մենք Գերմանիայում յուրաքանչյուր շաբաթ հինգ հարյուր հազար թեստ ենք անում»:
Համեմատության համար նշենք, որ համաճարակի էպիկենտրոնը դարձած Իտալիայում ոչ թե շաբաթվա, այլ երկու ամսվա կտրվածքով դեռ չեն հասել այդ ցուցանիշին. երեկվա դրությամբ երկրում ընդամենը 454 հազար թեստ էր արվել: Միացյալ Նահանգներում, ուր հայտարարվում է զանգվածային ու անվճար թեստերի մասին, մինչ օրս ստուգվել է 540 հազար մարդ:
Հարևան Ավստրիայում զանգվածային ստուգումներից բացի, որոշել են ամրապնդել պաշտպանական դիրքերը: Այս շաբաթվանից, մասնավորապես, երկրի բոլոր սուպերմարկետներում անվճար բժշկական դիմակներ կբաժանվեն, սպառողներին կարգելվի առանց դրանց առևտուր անել:
«Մենք արդեն տվել ենք պատվերը, և առաջին չափաբաժինը ակնկալում ենք ստանալ չորեքշաբթի», - այսօր հայտարարել է կանցլեր Սեբաստիան Կուրցը:
Չեխիայում արդեն մի քանի շաբաթ կառավարությունը պարտադրում է քաղաքացիներին դիմակ կրել կամ գոնե շարֆով փաթաթվել փողոցում, տրանսպորտում ու հասարակական վայրերում: Կարգազանցներին սպառնում են դրամական խոշոր տուգանքներ:
Աշխարհով մեկ խստացվող այս սահմանափակումների ֆոնին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ ամռանը Ճապոնիայում նախատեսված խաղերը կմեկնարկեն հաջորդ տարի` 2021 թվականի հուլիսին:
Մինչ այդ մարզաշխարհի աստղերը շարունակում են միասնական արշավը` «Մնացեք տանը» կարգախոսով: Այսօր էլ անգլիական Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներն են հեռակա ուղերձ հղել երկրպագուներին. - «Հենց հիմա միակ և ամենակարևոր նպատակն է փրկել մարդկանց կյանքը` մնալով տանը: Մենք բոլորս նույն թիմում ենք խաղում` վիրուսի դեմ», - պնդում են տարբեր ակումբների ֆուտբոլիստները, որ կորոնավիրուսի պատճառով մի քանի ամիս է զրկվել են մարզադաշտ դուրս գալու և երկրպագուներին հանդիպելու հնարավորությունից: