Ռոհանի. Ամերիկյան պատժամիջոցները դժվարացնում են կորոնավիրուսի դեմ պայքարը

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պնդում է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը զգալիորեն դժվարանում է Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով: Այդ մասին իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է նախօրեին Թեհրանում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Ողջ աշխարհն է տեղյակ, որ մենք նորմալ պայմաններում չենք գտնվում: Մենք ճնշումների և պատժամիջոցների ներքո ենք: Բայց նույնիսկ այս պատժամիջոցների կիրառման պայմաններում մենք ի վիճակի ենք դիմադրել և մեր կարողությունների սահմաններում կառավարել երկիրը», - հայտարարում էր Ռոհանին` նշելով, որ երկրի մի շարք շրջաններում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գնալով նվազում է:

«Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը երկրում հասել է 2640-ի, վարակակիրների թիվը գերազանցում է 38 հազարը», - ամփոփելով վերջին տվյալները՝ հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ալիռեզա Վահաբզադեն: