Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Իրաքի նկատմամբ


Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել իրանական և իրաքյան երկու տասնյակ ընկերությունների, ինչպես նաև անհատների, պաշտոնյաների նկատմամբ՝ մեղադրելով նրանց ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը մարտի 26-ին հայտարարել է, որ այդ ընկերությունները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց բիզնես գործընկերները աջակցել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ին, և նրա էլիտար «Ալ Քուդս» միավորմանը, որը գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս:

Պատժամիջոցների տակ ընկած ընկերություններն ու անհատները մեղադրվում են Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներին օգնություն ցուցաբերելու մեջ, մասնավորապես՝ «Քաթաիբ Հըզբոլա» և «Ասաիբ Ահլ ալ-Հաք» ահաբեկչական կազմակերպություններին:

Նրանք նաև մեղադրվում են, որ մաքսանենգ ճանապարհով զենքեր են մատակարարում Յեմենին, իրանական նավթ են վաճառում Սիրիայի կառավարությանը՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները, Իրաքում քարոզչական աշխատանքներ են տանում, ահաբեկում իրաքցի քաղաքական գործիչներին:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը ասել է, որ Իրանը մի շարք ընկերությունների ցանց է ստեղծել, որոնց միջոցով ֆինանսավորվում են տարածաշրջանով մեկ ահաբեկչական խմբավորումներին, ռեսուրսները քամելով իրանի ժողովրդից՝ իր ժողովրդի կարիքները հոգ տանելու փոխարեն առաջնահերթ համարելով ահաբեկչության սնուցումը:

Ամերիկյան պատժամիջոցների ցանկում է նաև Իրաքում սրբավայրերի վերականգնման կազմակերպությունը, որն, ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության, գտնվում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ալ Քուդս» ուժերի վերահսկողության ներքո և գործում է Իրաքի ու Իրանի տարածքում: Այդ կազմակերպության գործադիր ղեկավար Մոհամադ Ջալալ Մաաբի հանդեպ ևս պատժամիջոցներ են սահմանված:

Մաաբը Իրանի քաղաքացի է, Կերման քաղաքից, Իրաքում սրբավայրերի վերականգման կազմակերպության գործադիր ղեկավար է նշանակվել «Ալ Քուդս»-ի նախկին հրամանատար Քասեմ Սուլեյմանիի կողմից, ով այս տարվա սկզբին Բաղդադում սպանվեց ամերիկյան օդուժի հարվածների միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG