Արսեն Թորոսյանը չի բացառում՝ սահմանափակումները կարող են երկարաձգվել ևս մեկ շաբաթով

Այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 43-ով` հասնելով 372-ի: Առողջապահության նախարարության տվյալներով, հիվանդանոցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Ընդհանուր ապաքինվածների թիվը հասել է 30-ի։

Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, 2 պացիենտ ծանր են, մնացած 9-ը՝ կայուն ծանր։ Թեստերից 2172-ը բացասական արդյունք են տվել, այս պահի դրությամբ փաստացի բուժում է ստանում 343 անձ:

Երեկ հայտարարվեց, որ վարակակիր են նաև 2 ամսական մի երեխա և նրա մայրը։ Առողջապահության նախարարությունից փոխանցեցին՝ նրանք հոսպիտալացված են, գանգատներ չունեն։

Վարակակիրներ կան նաև Զինված ուժերում, 5 զինծառայողներն էլ հոսպիտալացված են։ Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց՝ նրանցից միայն մեկն ունի թույլ արտահայտված ջերմություն։

«Մեր զինծառայողների առողջական վիճակը լավ է, 4 զինծառայող գտնվում է շատ լավ առողջական վիճակում, չունեն ջերմություն, ոչ մի ախտանշան կորոնավիրուսի», - ասաց Ստեփանյանը:

Պաշտպանության նախարարի խոսնակը, որ երեկ այցելել էր մեկուսացված զինծառայողներին, խոսել նրանց հետ պահման պայմաններից և առողջական վիճակից, մեկուսացվածների թիվը չի նշում։ Փոխարենն ասաց՝ նրանք կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունեն։

«Այսօր լավ լուրեր ունենք՝ չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ, իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է, տրամադրությունը՝ բարձր», - ընդգծեց Շուշան Ստեփանյանը:

Շուշան Ստեփանյանն այսօր Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանի օգնությամբ ուղիղ եթերում կապ հաստատեց տարբեր երկրներում ծառայող հայաստանցի խաղաղապահների հետ։ Նրանց շարքերում վարակված զինծառայող չկա, ասաց Տոնոյանը։

«Բնականաբար մենք մշտական կապի մեջ ենք գտնվում արտերկրում ծառայություններ իրականացնող մեր զորախմբերի հետ, և մենք տիրապետում ենք իրադրությանը, ստանում ենք բավարար տեղեկատվություն մեր զինծառայողների ոչ միայն առողջական վիճակի, այլ իրենց կողմից կատարվող ծառայությունների վերաբերյալ», - նշեց Տոնոյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ այսօր մասնակցել է «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման հայաստանյան աշխարհագրությունն ու կատարված և կատարվելիք աշխատանքները։

Առողջապահության նախարարը չի բացառել, որ մարտի 16-ից սահմանված արտակարգ դրության սահմանափակումները, մասնավորապես՝ քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող մեկշաբաթյա արգելքը կարող է երկարաձգվել ևս 1 շաբաթով:

Թորոսյանն ասել է, որ Հայաստանն ունի թեստեր՝ հայտնաբերելու վարակակիրներին, իսկ արդեն վարակվածների կոնտակտավորները մեկուսացվում են ոչ միայն բժշկական հաստատություններում, այլև հյուրանոցներում։

Վեբինարին մասնակցող «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը մանրամասներ ներկայացրեց իր ընկերության ստեղծած կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ, ասաց՝ այժմ ընթանում են կլինիկական փորձարկումները։

Աֆեյանը հույս ունի, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը դրական արդյունք կտա։

«Պատվաստանյութերը վաճառքի հանելու դեպքում դու պետք է ցույց տաս դրա արդյունավետությունը, բայց առավել կարևոր է ապացուցել, որ այն անվտանգ է», - ընդգծեց նա։

Առողջապահության նախարարության մշակած քարտեզի համաձայն՝ մարտի 28-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերով առաջին տեղում մայրաքաղաք Երևանն է։ Այստեղ 151 դեպք կա արձանագրված։ Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 57 դեպքով, երրորդ տեղում՝ Արարատի մարզը` 56 դեպքով։ Արմավիրի մարզում արձանագրվել է վարակի 52 դեպք։ Շիրակի մարզում 5 դեպք կա, Արագածոտնում՝ 4, իսկ Լոռիում և Սյունիքում՝ երկուական։

Լեռնային Ղարաբաղում, ըստ պաշտոնական տվյալների, վարակի դեպք չի հայտնաբերվել։

Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը խստացվեց մարտի 24-ին՝ սահմանափակվեց մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ: