Մի խումբ ծրագրավորողներ ստեղծել են պարետի պահանջած ձևաթղթի հավելված տարբերակը

Արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման ձևաթուղթ լրացնելու և պարետի պահանջից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների մի ընկերություն մեկ գիշերում ստեղծեց նույն ձևաթղթի հավելված տարբերակը՝ հեռախոսներում ունենալու համար՝ առաջարկելով կառավարությանն այն անվճար օգտագործել:

«Մենք փորձում ենք դիրքավորենք Հայաստանը ամենաառաջադեմ, ամենատեխնոլոգիական երկրների շարքում: Սրա մասին շատ խոսել ենք, բայց միևնույն ժամանակ այդ մեթոդն, իհարկե, հասկանում ենք, որ շատ մարդիկ չունեն սմարթֆոններ, շատ մարդիկ ունեն խնդիր, բայց նաև կարելի էր մտածել երկու տարբերակ՝ եթե չունես սմարթֆոն և չես կարող, ապա թղթային տարբերակը միշտ կա: Ի սկզբանե մտածեցինք, որ դա չենք անում կոմերցիոն ոչ մի շահով, այսինքն՝ դա անում ենք և բաց կոդերով տեղադրում ենք, ինչը նշանակում է՝ ցանկացած ոք կարա հավելվածը վերցնի, նույնիսկ փոփոխի», - ասաց ընկերության հիմնադիր Արման Աթոյանը:

X-Tech ընկերության հիմնադիրը և հավելվածը ստեղծած մյուս աշխատակիցները վստահ են՝ Հայաստանի նման երկրում, որտեղ հազարավոր մարդիկ սմարթֆոններ կամ խելացի հեռախոսներ ունեն, արտակարգ իրավիճակում ավելի ապահով է հավելված, ոչ թե թղթյա ձևաթուղթ օգտագործել: Տեղաշարժման հավելվածով տեղեկություն հաղորդելն անհպում գործողություն է:

«Մարդիկ չպետք է ունենան ֆիզիկական կոնտակտ, այսինքն՝ ես թուղթ տամ, նայեք, վերադարձնեք ինձ, համարում ենք, որ դա ռիսկային է: Ձևաթուղթ ստեղծելուց ես լրացնում եմ դաշտերը, դաշտերը լրացնելուց հետո ստանում եմ QR կոդ», - ասաց Աթոյանը:

Ստացված QR կոդը ոստիկանն արդեն կարող է կարդալ իր հեռախոսով և ստանալ քաղաքացու տեղաշարժի վերաբերյալ ողջ տեղեկությունը:

APP 16 հավելվածը ստեղծած ծրագրավորողներն արդեն տեղյակ են պահել պարետատանը իրենց գրած ծրագրի մասին և առաջարկել են օգտագործել այն, սպասում են արձագանքի:

«Դեռ արձագանք չունենք, կարծում ենք, իրենց մոտ էլ է զբաղված շրջան, բայց հուսով ենք՝ կարձագանքեն», - ասաց ընկերության հիմնադիրը: