Մատչելիության հղումներ

Այսօրվանից արգելվելու են մի շարք արտադրություններ, փակվում են ռեստորանները, սրճարանները


Իշխանությունները քննարկում են հրատապ անելիքներ՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուղերձով դիմելու է ժողովրդին:

Երեկ ուշ գիշերին ուղիղ միացմամբ վարչապետը հայտնեց, որ այսօրվանից արգելվելու են մի շարք արտադրություններ, փակվում են ռեստորանները, սրճարանները:

«Խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ ձևով մոտենալ արգելքներին և մասնավորապես՝ վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, իհարկե, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար: Պետք է արձանագրել, որ շինարարական աշխատանքները որոշակի կդադարեն, կդադարեն նաև տքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը կդադրի, իհարկե, կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով», - ասաց վարչապետը:

Ամբողջական ցանկը հրապարակել է պարետատունը, որն այսօր նիստ է անցկացրել: Չի արգելվի սննդամթերքի, դեղորայքի արտադրությունը, կգործեն հյուրանոցները: Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութներն ու դեղատները պետք է աշխատեն: Բացի այդ, կներդրվեն նոր մեխանիզմներ որոնք թույլ կտան հնարավորինս սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը հանրապետությունում:

«Յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել և կանխարգելել», - ասել է Ավինյանը:

Վերջին տվյալներով՝ վարակակիրների թիվը 235 է: Վարակի նոր աղբյուրներ կան Կոտայքում և Երևանի էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններում: 235-ից 26 մարդ թոքաբորբ ունի, բոլորի վիճակը վերահսկելի է: Ապաքինվել են 2-ը:

«Մեծ մասը մեր ախտորոշվածների ջերմություն չունի, 37-38 աստիճան ջերմություն ունեն 34 հոգի, 38-39 աստիճան՝ վեց հոգի, 39-ից բարձր ջերմություն ունի այս պահի դրությամբ մեկ հոգի», - հայտնեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ երեկ ուղիղ միացմամբ խոսեց հնարավոր ապաքինումների մասին: Նախարարի կանխատեսումները լավատեսական են, լրանում է շուրջ 70 մարդու մեկուսացման ժամկետը, նրանք այսօր կթեստավորվեն, ընդ որում՝ նրանից 15 մարդ առանց որևէ ախտանիշի թեստավորվել էր, և վարակը հաստատվել էր:

«Ի ուրախություն մեզ, ես հույս ունեմ, որ վաղը, երբ որ մենք թեստավորենք մեկուսացման վայրերից մեկում եղած մեր քաղաքացիներին, նրանց մեջ են լինելու այս 15 ասիմպտոմ դեպքերը, և եթե նրանք բացասական լինեն, ինչի բոլոր նախադրյալները կան, մենք կարող ենք միանգամից այս 235 թվից հաշվել 15 առողջացած կամ որևէ թիվ առողջացած քաղաքացիներ, որի հավանականությունը պարզապես շատ մեծ է: Բացասական է եղել նաև մեր առաջին պացիենտի կնոջ արդյունքները, որի թեստի պատասխանը դրական էր եղել մի որոշ ժամանակ առաջ, ինչպես նաև վաղը թեստավորելու ենք մեր առաջին պացիենտի հետ շփված ևս մեկ քաղաքացու: Այսինքն՝ եթե ամփոփեմ, հույս կա, որ վաղը բավական մեծ թվով թե՛ առողջացած քաղաքացիներ ենք ունենալու, թե՛ մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ», - ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանն այսօր այցելել է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ: «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, ըստ նախարարի, շուտով ունենալու է 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ։ Եվս 40 մահճակալ ունենալու է նորակառույց մոդուլը՝ իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար, որի շինարարական աշխատանքները, Արսեն Թորոսյանի փոխանցմամբ, մի փոքր հետաձգվեցին տեխնիկական պատճառներով։ Այն պատրաստ կլինի մոտ օրերս։

Որոշվել է ինֆեկցիոն հիվանդանոցում տեղադրել համակարգչային տոմոգրաֆ, որն անհրաժեշտ է կորոնավիրուսային թոքաբորբերը վաղ հայտնաբերելու համար։ Արսեն Թորոսյանը հայտնում է նաև, որ այս պահին առկա է թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում։ Նոր ձեռքբերումներ, ըստ նախարարի, թեև դժվարությամբ, բայց իրականացվում են։

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը հայտնել է, որ կորոնավիրուսով հաստատված դեպքերից մեկը Հրազդանից է, այժմ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում է: Քաղաքապետը կոչ է արել տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու հարցը քննարկվել է Կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է առաջիկա օրերին ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթը:

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ այսօր ստորագրել է մեկուսացման պահանջները խախտողներին պատիժ սահմանող օրենքը, որը նախատեսում է տուգանք և ազատազրկում:

XS
SM
MD
LG