Այսօրվա տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 265-ի։ Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ բուժվել է 18 անձ։ Թոքաբորբով հիվանդների և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների վիճակի մասին Առողջապահության նախարարությունն այսօր դեռևս տեղեկություն չի տրամադրել։ Պարզ է միայն, որ ամենատարեց հիվանդը, որը 77 տարեկան է, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, ըստ նախարարության, նա ունի շաքարային դիաբետ։
Հիշեցնենք, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հիվանդներից 36-ն ունի թոքաբորբ, նրանցից 5-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց, որ կորոնավիրուսով հիվանդ, բայց թեթև ու առանց սիմպտոմների պացիենտները հնարավոր է ընդհանրապես հիվանդանոցային բուժում չստանան և մեկուսացվեն հյուրանոցներում կամ հատուկ վայրերում, կամ տնային պայմաններում հսկողության տակ պահվեն։ Ինչ վերաբերում է միջին ծանրության և ծանր պացիենտներին, ապա նրանց համար առանձնացրել են 4 մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ Նորքի ինֆենկցիոն հիվանդանոցը, Նորք-Մարաշի Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաճյուղը։ Բոլոր հաստատությունները միասին, ըստ նախարարի, ունեն մոտ 650 մահճակալ։
«Ինչ վերաբերում է թոքերի արհեստական շնչառության սարքավորումներին, մենք հենց հիմա միայն սրա համար առանձնացված ունենք 42 սարք, որից օգտագործվում է ընդամենը մեկը մեկ պացիենտի համար, ում վիճակը ծանր է: Գնումների պրոցեսի մեջ ենք, հիմա Երևանում ունենք էլի յոթ սարք մոտավորապես, որը պրոցեսի մեջ է գնման, պարզապես ստուգում ենք, որ աշխատանքային վիճակում լինի: Ձեռքբերումներ ենք փորձում կատարել աշխարհի բոլոր տեղերից, սակայն հավանաբար լսած կլինեք թե՛ մամուլից, թե՛ տարբեր տեղերից, որ կա աշխարհում նման սարքավորումների դեֆիցիտ, և երկրները զարգացնում են իրենց հզորությունները՝ դրանք արտադրելու: Այդ հզորությունների զարգացմանը զուգընթաց մենք կարծում ենք, որ մենք կկարողանանք ավելի շատ սարքեր ձեռք բերել, և հիմնական մատակարարը, իհարկե, աշխարհի, էլի մնում է Չինաստանը: Եվրոպական որոշ երկրներ նույնպես ունեն արտադրություններ, սակայն նաև ունեն սահմանափակումներ դրանց արտահանման», - նշեց Թորոսյանը:
Առողջապահության նախարարը տեղեկացրեց նաև, որ այս պահին քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանցից որևէ մեկի մոտ չկա կորոնավիրուսի հաստատված դեպք։ Թե՛ փակ հաստատություններում, թե՛ հոգեբուժարաններում և թե՛ ծերանոցներում, եթե դեպքեր հայտնաբերվեն, ապա կգործի նույն կարգը։
«Նույն տրամաբանությամբ փակ հաստատություններում է գործելու այդ ամեն ինչը՝ հաստատության տեսակից կախված: Եթե, օրինակ, քրեակատարողական է, համապատասխան բաժանմունք միգուցե դատապարտյալների հիվանդանոցում, եթե ծերանոց է՝ ինչ-որ մի հարկ: Իհարկե, ծերանոցների դեպքը մի քիչ բարդ է, որովհետև ցանկալի է իրենց պահել բժշկական հսկողության տակ, քանի որ իրենք խոցելի խումբ են», - ասաց նախարարը:
Հավելենք, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել, հավաստիացնելով, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը լիովին վերահսկելի է։ «Ներկա դրությամբ քրեակատարողական հիմնարկներից և որևէ մեկում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան», - ասված է հայտարարության մեջ։