Մատչելիության հղումներ

Տարեց մարդիկ մի քանի օրվա գնումներ են անում. պատրաստվում են տներում մնալ


Սուպերմարկետ Երևանում, 25-ը մարտի, 2020թ.
Սուպերմարկետ Երևանում, 25-ը մարտի, 2020թ.

Արտակարգ դրության պարետատունը կոչ է արել, որ առավոտյան 10-ից 12-ը խանութները սպասարկեն միայն ծերերին՝ նրանց ապահովության համար։ Այսօր մինչև կեսօր «Ազատությունն» այցելեց Երևանի ծայրամասում գտնվող ամենամեծ սուպերմարկետներից մեկը, պարետատան առանձնացրած ժամերին տարեցները շատ էին, այդուհանդերձ երիտասարդներ ևս կային։

Երիտասարդ մայրիկ Սյուզաննա Առաքելյանը կատակում է` ինքն էլ է տարեց, երեխաներին տանն է թողել, եկել է գնումների. - «Առօրյա մի երկու օրվա սնունդ, փառք Աստծո ամեն ինչն խանութները լիքն են, ապահովված»:

Մեկ այլ երիտասարդ էլ վստահեցրեց, որ սովորականի չափով է առևտուր անում. - «Որովհետև պահելու խնդիր էլ կա, շուտ է փչանում ամեն ինչ, ճիշտ էլ չի, այս դեպքում 3 օրվա գնումներ»:

Թոշակառու տիկին Ռիման ամուսնու հետ էր եկել խանութ, ոչ ավել, ոչ պակաս 50 հազար դրամի գնումներ արեց. - «Տան համար ուտելիք, միս, ամեն ինչ, թոռնիկներս ինչ ուզել են, ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է տան համար»:

Տարեց մարդիկ նոր կորոնավիրուսի խոցելի խմբում են, վիրուսը հատկապես նրանց համար է վտանգավոր։ Տիկին Ռիման ասում է` տանը երիտասարդ կա, սակայն ինքն ամուսնու հետ մեքենայով է եկել գնումների: Ամուսինն էլ նշում է` շատ գնումներ են անում, որ մի քանի օր տնից դուրս գան, ընտանիքի անդամները շատ են:

Մեկ այլ թոշակառու Վաչիկ Խաչիկյանի սայլակի պարունակությունը 40 հազար դրամից քիչ ավելին էր. - «Այսքան բանն առնում եմ, որ տանեմ, համ երեխուս տամ, օգնեմ, համ էլ որ դուրս չգամ էլի: Մենք մարդ ու կին ենք, իրենք հեռու են մնում, չեն կարող այդքան գան, հասնեն, գնան, համ էլ մեքենա չունեն, իսկ ես ունեմ»:

Վաչիկ Խաչիկյանը նախորդ գնումները երկու շաբաթ առաջ էր արել, ասում է՝ մեկ էլ ապրիլի կեսերին սուպերմարկետ կգա։

Թոշակառու Ռուզաննա Խանամիրյանն ընդամենը հաց էր առնում. - «Ես հացը առնում եմ, որովհետև բավականին տարիք ունեմ, որ ամեն օր չգամ, հետո սիրում եմ չոր հաց ուտել, մի քանի օր այդպես թողնում եմ, որ չորանա, ոչ մի բանից չեմ վախենում»:

Նա ունի բուժման իր յուրօրինակ մոտեցումը` աղոթքը:

Երևանի մեկ այլ թաղամասի սուպերմարկետներից մեկում էլ այսօր բավականին հանգիստ է, «Ազատության» հետ զրույցում ասաց խանութի մենեջերը. - «Ժամը 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հիմնականում մեծ տարիքով մարդիկ էին մեզ մոտ, տատիկներն ու պապիկները մեր երևի ավելի շատ, ժամը 12-ից հետո նոր արդեն մյուս տարիքայինների հոսքը սկսվել է»:

Մենեջերի խոսքով` իրենց մոտ մեծ գնումներ չեն անում, սովորական առևտուր է։

Այսօրվանից Հայաստանում դադարեցվում են բոլոր շինարարությունները: «Ազատությունը» շրջեց մայրաքաղաքի մի քանի խոշոր շինհրապարակներով. շշուկ անգամ չկար:

XS
SM
MD
LG