Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 265-ի


Հայաստանում կորոնավիրուսի հաստատված ևս 16 դեպք կա, ընդհանուր թիվն արդեն 265-ի է հասել: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:

Վարակվածների առողջական վիճակին երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ. «Մեր վարակակիր հայրենակիցների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր պացիենտ այս պահին բարեբախտաբար չունենք»:

Ըստ վարչապետի, վարակվածներից միայն 36-ն ունի թոքաբորբ, նրանցից 5-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ամենատարեց հիվանդը, որը 77 տարեկան է, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, ունի շաքարային դիաբետ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում և հույս ունեմ՝ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե բացի Արմավիրի մարզից ու մայրաքաղաքից, կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել նաև Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում: Ընդգծեց՝ դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է։

«Ըստ էության, մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի և Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը: Պայքարում էինք Երևանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար, մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունները, սակայն, ցույց են տալիս, որ Երևանի արտադրամասի ճյուղը հնարավոր է՝ մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը մեզ հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք», - ընդգծեց Փաշինյանը:

Հենց դա է պատճառը, որ երեկվանից տեղաշարժի խստացումներ ու նոր սահմանափակումներ մտցվեցին: «Հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը և որ կարևոր է, մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Վարչապետն իր տեսաուղերձում նշեց, որ մեկուսացումից 37 քաղաքացի է տուն վերադարձել։

XS
SM
MD
LG