Չեխիայում մահացավ կորոնավիրուսով ախտահարված երրորդ մարդը

Մարդիկ դեղատանը հեռավորություն են պահպանում, Պրահա, 24-ը մարտի, 2020թ.

Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխի փոխանցմամբ, մարտի 24-ին կորոնավիրուսից մահացել է երրորդ հիվանդը՝ 70-ն անց մի կին:

Մարտի 24-ի երեկոյան դրությամբ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1394 դեպք:

Մինչև ապրիլի 1-ը Չեխիայում կգործի օրենք, որի համաձայն` տարեցները չեն կարող մուտք գործել պարենի խանութ, եթե դրա տարածքը 500 քառակուսի մետրից պակաս է: Այնուամենայնիվ եթե տարեցը մտնի նման խանութ, այն պարտավոր կլինի նախևառաջ սպասարկել տարեցին:

Մեծ խանութներում առավոտյան ժամը 8-ից 10-ը պետք է սպասարկեն միայն տարեցներին:

Մարտի 19-ից սկսած Չեխիայի առանց բացառության բոլոր հանրային վայրերում և տրանսպորտում մարդիկ պարտավոր են դիմակներ կրել, իսկ դրանց բացակայության դեպքում՝ երեսները փակել շարֆով կամ հագուստի այլ պարագայով: