Կառավարությունը փաթեթներ է մշակում վարակի պատճաով գործազուրկ դարձած անձանց ու տուժած ընկերությունների համար

Կառավարությունը սոցիալական աջակցության փաթեթ է մշակում այն քաղաքացիների համար, որոնք կորոնավիրուսի պատճառով գործազուրկ կդառնան, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ երեկոյան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ էության կլինի գործող «Փարոս» համակարգի ենթաճյուղերից մեկը, որ նախատեսված կլինի գործազուրկ դարձած քաղաքացիների համար», - նշեց նա:

Պատրաստվում է նաև փաթեթ, որով նախատեսվում է արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրել այն ընկերություններին, որոնք իրենց աշխատակիցներին աշխատավարձեր տալու, հարկեր վճարելու, արտադրություն կազմակերպելու, ռազմավարական ներդրումներ անելու համար աջակցության կարիք կունենան. - «Նրբությունն այն է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում և կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում բանկային համակարգը կարող է այդքան էլ հակված չլինել վարկային միջոցներ տրամադրել, որովհետև դրանք կհամարվեն ռիսկային: Այդ խնդիրը լուծելու համար մենք որոշել ենք, որ կառավարությունն ինքը տարբեր նախագծերում 30 տոկոսից մինչև 50-60 տոկոս մասնակցություն կունենա այդ ֆինանսավորման պրոցեսին»:

Անկախ կորոնավիրուսի պատճառով աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից վարչապետը վստահ է, որ գյուղմթերքի պահանջարկը չի նվազելու, ուստի կարևոր է գարնանային այս շրջանում գյուղատնտեսներին աջակցելը. - «Որպեսզի մեր գյուղատնտեսական աշխատանքները ոչ միայն ամբողջ ծավալով իրականացվեն, այլև նորանոր ներդրումներ արվեն գյուղատնտեսության ոլորտում, և նորանոր մարդիկ սկսեն զբաղվել գյուղատնտեսությամբ»:

Այդ նպատակով կառավարությունը պատրաստվում է զրոյացնել գյուղատնտեսության զարգացման բոլոր ծրագրերով տրամադրվող վարկերի տոկոսները. - «Կաթիլային ոռոգում, խելացի անասնագոմեր, այգիների տնկում, այգիների հիմնում, ջերմոցային տնտեսություններ, և մենք այս ճգնաժամի համատեքստում ևս 1-2 ծրագիր կավելացնենք»:

Այսօր կառավարությունում վարչապետն ընդգծեց՝ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր ոլորտներից մեկը: «Միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարևորությունը ընդգծվում է մի քանի պատճառներով. առաջինը՝ պարենային անվտանգության խնդիրները հիմա առավել հրատապություն և կարևորություն են ստանում և ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ողջ աշխարհում, երկրորդ՝ գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու առավել նախընտրելի և էֆեկտիվ հնարավորություններ կան, երրորդը՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորում նոր աշխատատեղեր ձևավորելու և ինքնազբաղվածություն ապահովելու լայն հնարավորություններ կան», - ասաց վարչապետը:

Ընդհանուր առմամբ առաջիկայում կառավարությունն ավելի քան 300 միլիոն դոլարի աջակցություն կներարկի տնտեսության մեջ՝ տարբեր օգնությունների ձևով։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը երեկ «Ազատության» տաղավարում հայտնեց՝ մտածում էին, որ աջակցության տրամադրման առաջնահերթությունը որոշվելու է ըստ տնտեսության ոլորտների։ Այդուհանդերձ, ըստ նախարարի՝ հաշվի առնելով, որ ներկայիս իրավիճակն առնչվում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ կառավարությունը որոշել է օգնության առաջին բաղադրիչն ուղղել կազմակերպությունների ֆինանսական դժվարությունները հաղթահարելուն։

«Հիմնական առանձնահատկությունն այն է, որ ֆինանսական միջոցներ հասանելի կդառնան այն կազմակերպություններին, որոնք այս ժամանակավոր ֆինանսական դժվարությունները կհաղթահարեն կառավարության աջակցությամբ», - նշեց Խաչատրյանը:

Նախարարի խոսքով` եթե բիզնեսն իր անելիքները լավ հիմնավորի և ներկայացնի, կառավարությունը կանի ամեն ինչ առկա խնդիրների լուծման համար։