Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 14 հազար մարդ, գրեթե 330 հազարը վարակվել է:
Իտալիան շարունակում է մնալ համաճարակի կենտրոնը: Այնտեղ վիրուսը մոտ 5476 մարդու մահվան պատճառ է դարձել, գրեթե 60 հազար մարդ հիվանդ է: Վարչապետ Կոնտին «արտակարգ տնտեսական դրություն» հայտարարեց` փակելով բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, բացառությամբ նրանց, որոնց աշխատանքը կենսական նշանակություն ունի և չի կարող դադարեցվել: Խստացվում են նաև կարանտինի կանոնները. բոլոր այգիները փակ են, մարդկանց հրահանգվել է մնալ տանը: Ռուսաստանը ռազմական բժիշկներ և բժշկական սարքավորումներ ուղարկեց Իտալիա:
Իտալիայից հետո երկրորդ երկիրը վարակվածների թվով Իսպանիան է՝ գրեթե 30 հազար մարդ, 1725 մահ: Իշխանությունները կարանտինը երկարաձգեցին ևս 15 օրով` մինչև ապրիլի 13-ը:
Գերմանիայում ներդրվել է «երկուսից ավել չհավաքվել» կանոնը: Գերմանիայի կանցլերը վարակված բժշկի հետ շփվելուց հետո գնացել է կարանտինի:
Կիևում այսօր դադարում է աշխատել հասարակական տրանսպորտը:
ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ արդեն կա ավելի քան 31 հազար վարակի դեպք (դրանց մոտավորապես կեսը` Նյու Յորքում) և 390 մահ: