Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացու մոտ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ դեսպանության կողմից ճշտված տվյալների համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:

Վերջինս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկում՝ կորոնավիրուսով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում:

Ռուսաստանում կորոնավիրուսի վարակն ախտորոշվել է 253 մարդու մոտ, ընդ որում՝ վարակվածներից 131-ը Մոսկվայում են:

Ռուսաստանցի փորձագետները և ընդդիմադիրները չեն վստահում պաշտոնական տվյալներին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, այսօր լրագրողներին բացատրել է, թե ինչու է ՌԴ-ում եվրոպական երկրների համեմատ ավելի քիչ մարդ հիվանդացել կորոնավիրուսով:

Պեսկովի խոսքով՝ Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան նախապես է սկսել միջոցներ ձեռնարկել, և դա արդյունք է տվել: Բացի այդ, Ռուսաստանի կառավարությունում միանգամից ստեղծվել է շտաբ, որը սկսել է աշխատել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ և՛ կառավարությունում, և՛ Պոպովայի ղեկավարած գերատեսչությունում բազմաթիվ մարդիկ աշխատում են շուրջօրյա, և դա իր ազդեցությունն ունի: Սա է պատճառը, որ Ռուսաստանում այդքան քիչ մարդ է վարակվել:

Ռուսաստանցի հասարակական գործիչները, լրագրողները, բժշկության և տնտեսության ոլորտի փորձագետները կոչ են արել ՌԴ կառավարությանը և նախագահին՝ ուժեղացնել երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջոցառումները: Բաց նամակը հրապարակվել է Change.org-ում:

«Եթե մենք չենք ուզում իտալական սցենար, անհրաժեշտ են արտակարգ միջոցներ: Մենք պաշտպանում ենք կառավարության ձեռնարկած գործողությունների մի մասը, սակայն համոզված ենք, որ դրանք բավարար չեն», - ասված է ուղերձում:

Նամակի հեղինակներն իշխանություններին կոչ են անում կորոնավիրուսի զանգվածային և անվճար թեստավորում կազմակերպել, պահանջում են ապահովել կարանտինային միջոցառումներ և հետաձգել Սահմանադրության փոփոխությունների համառուսաստանյան քվեարկությունը մինչև համաճարակաբանական սպառնալիքի անհետացումը:

Ռուսաստանի իշխանություններն արտակարգ իրավիճակ չեն հայտարարել, թեև Մոսկվայի փողոցները գրեթե դատարկ են: Բոլոր նրանք, ովքեր նման հնարավորություն ունեն, տանից դուրս չեն գալիս: Այսօրվանից դպրոցականները գնում են արձակուրդի միչև ապրիլի 12-ը:

Պուտինի ազգականը կուսակցություն է հիմնում՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար

Ներքաղաքական կյանքը, սակայն, Ռուսաստանում կանգ չի առել, ավելին՝ այսօր հայտնի է դարձել, որ եկող տարի սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցություն է հիմնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգական Ռոման Պուտինը:

Նախագահի գործարար ազգականը ծրագրում է կուսակցություն ստեղծել «Գործի մարդիկ» շարժման հիման վրա, որը միավորում է բիզնեսի ներկայացուցիչներին:

Ինչպես «Կոմերսանտ»-ին հայտնել է Ռոման Պուտինը, նոր կուսակցությունը ներկայանալու է որպես աջ պահպանողական նախագիծ, որի խնդիրների մեջ է մտնում ձեռնարկատերերի պաշտպանությունը, փոքր բիզնեսի համար հարկային բեռի նվազեցումը, պայքար մենաշնորհների և առևտրային ցանցերի դեմ, հարկերի կրճատում, էժան վարկեր:

Կուսակցության հիմնական նպատակը Պետդումայի առաջիկա ընտրություններին մասնակցելն է, հայտնել է նա:

Մինչև գարնան վերջ ծրագրվում է անցկացնել կուսակցության հիմնադիր համագումարը:

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ընդլայնել է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ վաղաժամկետ և հեռավար հնարավորությունները 3-7 օր:

Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ այս հարցը պետք է տեղում որոշեն տարածաշրջանային հանձնաժողովները՝ ելնելով իրենց մոտ ստեղծված իրավիճակից: Նա նշել է նաև, որ հանձնաժողովն աշխատում է հանրաքվեն կազմակերպելու շուրջ քանի դեռ այն չի չեղարկվել: Եթե պարզ լինի, որ քվեարկություն տեղի չի ունենա ապրիլի 22-ին, հանձնաժողովի աշխատանքը կդադարեցվի:

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը ևս չէր բացառել փոփոխությունների հանրաքվեի հետաձգումը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Դիտորդները նաև նկատում են, որ Ռուսաստանի իշխանությունները՝ կենտրոնական, տարածաշրջանային իշխանությունները հստակ չեն կողմնորոշվել՝ ինչ ռազմավարություն որդեգրել այս կորոնավիրուսի համաճարակի հետ կապված:

Նշենք, որ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի կայքից անհետացել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով առևտրի կենտրոնները փակելու մասին՝ սեփականատերերին ուղղված կոչը, որը հրապարակվել էր երեկ երեկոյան: Այսօր փաստաթղթում նշված է միայն կինոթատրոնները փակելու մասին: