Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 52-ով և հասել 199-ի: Դեպքերից 12-ը գրանցվել է Մոսկվայում:
Ընդհանուր առմամբ ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածանքով բժշկական հսկողության տակ է գտնվել ավելի քան 62 հազար մարդ: Մարտի 18-ի դրությամբ հսկողության տակ մնում է 22 հազարը:
Իշխանությունները նաև պաշտոնապես հայտարարել են, որ Ռուսաստանում չի գրանցվել կորոնավիրուսի պատճառով մահ: Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայի հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված կինը: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբը:
Մահն առաջացել է թոքաբորբի հետևանքով, կնոջ մոտ եղել են նաև մի քանի այլ քրոնիկ հիվանդություններ: 79-ամյա կնոջը հիվանդանոց էին տեղափոխել մարտի 13-ին, մարտի 14-ից նա բուժվում էր մասնավոր կլինիկայում, երկու օր անց նրան տեղափոխել են Մոսկվայի թիվ 2 ինֆեկցիոն հիվանդանոց: Շնչառական անբավարարության ուժեղացման պատճառով նա ստացել էր համալիր ինտենսիվ թերապիա: Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվել է մեկուսացված սենյակում, հայտնել են մոսկովյան շտաբը:
Թիվ 2 ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սվետլանա Կրասնովայի խոսքով՝ հիվանդն ուներ քրոնիկ հիվանդություններ՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, սրտի հիպերտոնիկ հիվանդություն: Բոլոր այն մարդիկ, ովքեր շփվել են նրա հետ, գտնվում են բժիշկների հսկողության տակ: Հիվանդության ծանր ախտանշաններ կնոջ հետ շփում ունեցածների մոտ չկան:
Ռուսաստանում արտակարգ դրություն չի հայտարարվել: Մինչ այս պահը չի չեղարկվել նաև ապրիլի 22-ին կայանալիք Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեն, թեև երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ եթե իրավիճակը երկրում վատթարանա, այդ հանրաքվեն կհետաձգեն:
Իշխանությունները 60-ն անց տարիքի մարդկանց խորհուրդ են տալիս չայցելել մարդաշատ վայրեր և մնալ տանը՝ վարակվելու վտանգը նվազեցնելու համար:
Այս պահին Մոսկվայում աշխատում է քաղաքային տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն, որն օրական միլիոնավոր մարդկանց է տեղափոխում: Չեն աշխատում թանգարանները, թատրոնների մեծ մասը, սակայն մանկապարտեզները բաց են, իսկ դպրոցներն անցել են ազատ ռեժիմի՝ ծնողներն են որոշում՝ երեխաներին ուղարկե՞լ դպրոց, թե՞ անցնել հեռավար ուսուցման:
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունն օրինագիծ է պատրաստում, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կորոնավիրուսի վերաբերյալ կարանտինի պահանջների խախտման դեպքում: Այդ մասին այսօր հայտնել է խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Իսաևը: Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ համապատասխան փոփոխություններ կպատրաստեն Ռուսաստանի քրեական օրենսգրքում: Կարանտինի խախտման համար պատիժը ենթադրում է տուգանքներ, ուղղիչ աշխատանքներ և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու արգելք: