Խորհրդարանական ընդդիմությունն անբավարար է գնահատում կառավարության քայլերը տնտեսությանն ու բիզնեսին այս փուլում աջակցելու համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ինչպես նախկին կառավարության ժամանակ, այնպես էլ այսօր հաղթում է բանկային լոբբինգը: Այսինքն, ըստ Մարուքյանի, կորոնավիրուսի պատճառով բիզնեսներին անհատույց փոխհատուցում տրամադրելու փոխարեն պետությունը կրկին վարկ է առաջարկում՝ թեկուզև անտոկոս, և ավելացնում մարդկանց պարտքերը, ովքեր արդեն վարկեր ունեն:
Պատգամավորի համոզմամբ՝ պետությունը պետք է անհատույց փոխհատուցումներ տրամադրի բիզնեսներին, որոնք կկարողանան չաշխատելու ընթացքում վճարել իրենց աշխատողներին, այսինքն՝ պետությունն այս կերպ կաջակցի իր բազմաթիվ քաղաքացիներին:
Գումարներ, ըստ Մարուքյանի, պետությունը «սև օրվա» համար կուտակել է, իսկ այդ «սև օրերն» արդեն եկել են:
«Մենք տեսնում ենք, բանկերն ինչպե՞ս են պահում, ասում են՝ «ուրեմն, էդ տոկոսները պիտի տաք», էս լավագույն դեպքում՝ «բայց տվեք երկու ամսից», օրինակ, բայց էդ երկու ամիսը դու փող չես աշխատում: Ի՞նչ է ասում պետությունը, ասում է՝ «հարկային արձակուրդ չեմ տալու, բայց, օրինակ, եկեք ձեզ վարկ տամ՝ 0 տոկոսով, տարեք էդ պարտքերը տվեք, հետո էդ էլ կտաք»: Հիմա պատկերացնենք՝ մեկը 500 հազար դոլար վարկ ունի, գնա էլի 200 հազար էլ վերցնի՝ դառնա 700 հազար, հետո ո՞նց է վճարելու, էլի, ո՞նց է հետ վերադարձնելու», - մանրամասնեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը:
«Մենք առաջարկում ենք ուղղակի վնասված սեկտորին, հարվածի տակ եղած սեկտորին ուղղակի ֆինանսական աջակցություն ցույց տալ», - ասաց Մարուքյանը, դիտարկմանը՝ «անհատո՞ւյց ֆինանսական աջակցություն», արձագանքելով. - «Այո, այո: Օրինակ, նայել՝ էսինչ ընկերությունը անցյալ տարի վճարել է մեկ միլիարդ դրամ հարկ: Հիմա, էս տարի չի գործում՝ էս ամսվանից սկսած, փակվել է: Իրեն ենք վերադարձնում իր անցյալ տարվա վճարած հարկի կեսը»:
«Ահռելի գումարների մասին է խոսքը, կարծում եք՝ պետությունը ի վիճակի՞ է այդքան փակված ընկերություններին փոխհատուցել», - այս հարցին էլ ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Այո, կարծում եմ՝ կարող է, որովետև, նախ, անցյալ տարվանից թերակատումների պատճառով մեծ գումարներ էր կուտակվել, և էս գումարները, ըստ էության, պահուստավորված են»:
Ընդ որում, պատգամավորն առաջարկում է նաև աջակցել ամեն տարի դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող Հայաստանի քաղաքացիներին, ովքեր տվյալ պահին այդ երկիր մուտք գործելու իրավունք չունեն. - «Սահմանը փակ է մինչև մայիսի 1-ը, էս մարդիկ ունեն օրվա ապրելու խնդիր, դրան գումարած՝ էլի վարկեր: Էդ էն մարդիկ են, որ փող են աշխատել, ուղարկել Հայաստան և երկրի տնտեսությունը պահել են էդ իրենց աշխատած փողով: Պետք է աջակցել էս մարդկանց»: Հարցին՝ «էլի գումա՞ր պետք է իրենց բաժանեն», Մարուքյանն արձագանքեց. - «Այո, պետք է աջակցել, օգնել, ոնց որ Միացյալ Նահանգներում են անում: Մինչև որ կարողանանք ուղարկել, կամ եկեք բանակցենք՝ Ռուսաստանը իրենց համար բացի սահմանը, գնան: Հիմա ես հազարավոր նման դիմումներ եմ ստանում»:
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես կառավարության ձեռնարկած քայլերն անբավարար է համարում՝ առաջարկելով ի՛ր լուծումները:
Մասնավորապես, ըստ Մելքումյանի, այսօր Հայաստանում կա 610 հազար վարձու աշխատող, մոտ 180 հազարը պետական աշխատողներն են, որոնց աշխատավարձերը պետությունը երաշխավորում է, մյուս մասը՝ տարբեր ձեռնարկությունների աշխատողներ, իսկ մոտ 250 հազարը՝ օրավարձով աշխատողները՝ վաճառողներ, վարսավիրներ, բանվորներ, մատուցողներ և այլն. հենց այս խմբին, ըստ պատգամավորի, պետությունը պետք է օգնի:
«Օրավարձով աշխատողներին տա երկու-երեք ամսվա նվազագույն աշխատավարձ ամսական՝ 68 հազար դրամ: Բացի դրանից, մի ուրիշ թիվ էլ եմ ասելու, որ զուգահեռ անցկացնեք՝ եթե մենք նայում ենք վարկերին, հանրապետությունում կա միլիոն 650 հազար վարկառու, միլիոն 650 հազար վարկառուներից մոտ 560 հազարը դրանք սպառողական վարկեր են, այսինքն՝ մարդը ոչ թե վերցրել է փող՝ բիզնես անի, վերցրել է՝ բուժում ստանա, գնա հաց գնի, դեղ առնի, ուսման վճար վճարի և ապրի ընդհանրապես: Հիմա էս մոտավորապես 200-250 հազարը, հաստատ՝ նրանց մեծ մասը, ունեն նաև սպառողական վարկեր», - ընդգծեց Մելքումյանը:
Աշխատանքից և եկամուտից զրկված քաղաքացիներին նվազագույն աշխատավարձի չափով գումար տրամադրելուց բացի, ըստ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի, պետությունը նաև պետք է մտածի նրանց նոր աշխատատեղերով ապահովելու մասին:
Կառավարությունը, հիշեցնենք, կորոնավիրուսի տնտեսակն հետևանքները մեղմելու նպատակով բիզնեսին աջակցելու համար նախատեսել է 150 միլիարդ դրամ հատկացնել: