Դժվարությունները կօգնեն ավելի լավ հնարավորություններ գտնել, ասում է Էկոնոմիկայի նախարարը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան, արխիվ

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը դժվարանում է ասել, թե ինչ ազդեցություն կունենա կորոնավիրուսի համավարակը հայաստանյան տնտեսության վրա, բայցև նկատում է՝ կարճ ժամանակահատվածում զգալի դժվարություններ կառաջանան:

«Այդ դժվարությունները կօգնեն, որ մենք մեր երկարաժամկետ զարգացման անելիքներին ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվենք և ավելի լավ հնարավորություններ գտնենք», - ասաց նախարարը:

Կառավարությունը նպատակ ունի զգալի ֆինանսական աջակցություն տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք դժվարին պայմաններում են հայտնվել ստեղծված իրավիճակի պատճառով, հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտնել, որ Կառավարությունն առաջիկայում առնվազն 150 միլիարդ դրամ աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Երեկ էլ Կառավարության նիստի ժամանակ ասվեց, որ մասնավորապես բիզնեսի աջակցմանն այս ընթացքում 25 միլիարդ դրամ կտրամադրվի: Այդ գումարով պետությունը պատրաստվում է 50 տոկոսով համաֆինանսավորել բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային գծերը, որոնք կտրվեն գործարարներին: Կառավարությունը սուբսիդավորելու է նաև տոկոսադրույքները: Գործարարները կարող են այդ վարկերը ստանալ նաև աշխատավարձեր, հարկեր ու կոմունալներ վճարելու համար:

Կառավարությունը նաև 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ է նախատեսում: «Եթե մեկը աշխատանքի տեղը կորցրած կլինի և կհայտնվի դժվարին տնտեսական և սոցիալական պայմաններում, ապա Կառավարության կողմից ձևակերպված գործիքները, որոնք որ դեռևս վերջնականացված չեն, բայց ավելի կհստակեցվեն առաջիկայում, կունենա այդպիսի հնարավորություն», - ասաց Խաչատրյանը:

80 միլիարդ դրամ էլ տնտեսության վերականգնմանը կուղղվի, մասնավորապես՝ ներդրումային ծրագրերին:

«Այն մնացորդ 20 միլիարդը, որ 150-ի և այդ 130-ի տարբերությունն է, ինչ ուղղությունների կօգտագործվի՝ մենք կոնկրետ քննարկումներ ենք վարում տարբեր նաև այս նշված ձևաչափերից դուրս հնարավորությունները պարզելու և կարիքները պարզելու ուղղությամբ», - նշեց Էկոնոմիկայի նախարարը:

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ կորոնավիրուսի առաջացրած խնդիրների առաջին հարվածն իրենց վրա են վերցրել զբոսաշրջության ոլորտն ու արտահանմամբ զբաղվող որոշ ընկերություններ:

Ի դեպ, նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում չկան արտակարգ դրության պատճառով հետաձգված ներդրումային ծրագրեր: