Երրորդ օրն է Հայաստանում կյանքն արտակարգ ռեժիմով է: Սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցներն էլ են ոստիկանության հսկողության ներքո:
Կորոնավիրուսի թեմայով պաշտոնական լրահոսին հակասող գրառումներն ու հրապարակումներն անհետևանք չեն մնում, իրավապահներն են գնում դրանց հետքերով: Փոխոստիկանապետ Հայկ Մհերյանի տվյալներով՝ շուրջ մեկ տասնյակ խախտում է արձանագրվել:
«Այո, որոշակի լրատվամիջոցներ և անհատ օգտատերեր եղել են, որ հրապարակումներ են արել, որոնք որ չեն բխել հատուկ ռեժիմի սահմանված կանոններից և ապատեղեկատվություն են իրենցից պարունակել, մեր համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները այցելել են իրենց, բացատրել են գործող կարգը և հորդորել են, որպեսզի անհապաղ հեռացնեն», - ասաց Մհերյանը:
Երկրում հայտարարված արտակարգ դրությունը տեղաշարժման և զանգվածային միջոցառումներից բացի սահմանափակում է սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակումների բովանդակությունը։
Փոխոստիկանապետը չմանրամասնեց օգտատերերի ու լրատվամիջոցների անունները, ինչպես նաև հրապարակումների բովանդակությունը։ Նշեց՝ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող կամ խուճապ տարածող տեղեկություն է եղել, հորդորել են ջնջել ու չկրկնել։
«Հորդորվել են, որպեսզի հեռացնեն այդ խախտումները և տեղեկացվել են՝ կրկնվելու դեպքում ինչ տույժի կարող են ենթարկվել», - ընդգծեց Հայկ Մհերյանը:
Ոստիկանների աչքից չի վրիպել նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը, թե Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից երկուսը մահամերձ են։ Խզմալյանը հղում էր արել համաշխարհային տեղեկատվական աղբյուրներից մեկին։ Գրառումից կարճ ժամանակ անց՝ կեսգիշերն անց նրա դուռն են թակել ոստիկանները և պահանջել հեռացնել այն։ Տիգրան Խզմալյանը հեռացրել է գրառումը, բայց պատճառն այլ է եղել։
«Ես գրառումը ջնջել եմ ուրիշ պատճառով, դրա տակ 150-ից, 160-ից ավելի քոմենթ կար, որոնց մի մասը հայհոյանքներ էին», - ասաց կինոռեժիսորը:
Արտակարգ դրության պայմաններում արգելվում են մասսայական միջոցառումներ ամբողջ երկրի տարածքում։ Թե՛ հոգեհացին, թե՛ հարսանիքին մարդկանց մասնակցությունը չպետք է գերազանցի 20-ը։ Փոխոստիկանապետի վստահեցմամբ՝ այս պահի դրությամբ այս առումով դեռ խախտում չեն հայտնաբերել, բայց արտակարգ ռեժիմով հուղարկավորություն արդեն արձանագրվել է։
«Այս պահին հուղարկավորություն եղել է մի տեղ՝ մարզերից մեկում, և այդ կարգը պահպանվել է: Այս պահի դրությամբ այլ տեղեկատվություն չունենք, բայց ունենալու դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք: Այստեղ նրբություն կա՝ 12 ժամ առաջ իրենք պետք է տեղեկացնեն, որ նմանատիպ միջոցառում կա, և մեր աշխատակիցն իր ներկայությամբ պետք է կարգավորի պրոցեսը», - նշեց փոխոստիկանապետը:
Արտակարգ ռեժիմով աշխատող ոստիկանների պարտականություններից է նաև ջերմող քաղաքացիներին հայտնաբերելը, եթե նրանք պոտենցիալ վարակակիր են և թաքնվում են, ոստիկանները հայտնաբերում ու մեկուսացնում են Առողջապահության նախարարության հետ համատեղ։
«Խուսափողներ եղել են, ոստիկանության աշխատողները Առողջապահության նախարարության աշխատակիցների հետ հորդորել են, հաճախ նաև նրանց գտնվելու վայրը հայտնաբերել են, և ուղեկցել ենք համապատասխան հիմնարկները կամ պահման վայրերը, որպեսզի մեկուսացնենք», - ասաց Մհերյանը: