Այս պահին հաստատված է կորոնավիրուսի 84 դեպք, 444 հոգի մեկուսացված է, 799 մարդու հորդորել ենք տներում ինքնամեկուսացվել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի դեպքի և երևանյան արտադրամասի ուղղություններն են:
«Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, դեռ չենք կարող ասել, որ կանգնել է: Վերջին ախտորոշվածների խմբի մեջ 99 տոկոսը արտադրամասի դեպքերն են: Մենք հույս ունենք, որ կհասցնենք արտադրամասի ճյուղի հետևից», - նկատեց նա` հավելելով, որ մեկուսացումը շարունակելու որոշակի պոտենցիալ կա, բայց նաև պետք է հասկանալ, որ եթե մեկուսացման ծավալները շատանան, այդ ռազմավարությամբ չեն կարողանա աշխատել:
Մնացած դեպքերը, ինչպես նշեց Փաշինյանը, լոկալ են, Չարենցավանի քաղաքացիները, ում մոտ ախտորոշվել էր վարակը, շփում չեն ունեցել այլ անձանց հետ:
Ինչ վերաբերում է իր երեկվա շրջայցին, որի ընթացքում որոշ դեղատներում սպիրտի ու ալկոգելի պակասի մասին խոսվեց, Փաշինյանը նշեց, որ 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում Հայաստանում ամեն օր, դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը, և այն փաստը, որ որոշ դեղատներում ալկոգել չկա, ցույց է տալիս, որ քաղաքացիները խուճապային գնումների են գնացել, մարդկանց տներում կա կուտակված ալկոգել:
Նա նշեց, որ 3 ընկերություն կա, որ արտադրում է ալկոգել, առաջիկա օրերին 4-րդ ընկերությունը ևս կարող է ի հայտ գալ. - «Ալկոգելի պակաս երկրում չկա»: