Միացյալ Նահանգների նախագահի Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ փոխնախագահի իր թեկնածուն կլինի կին:
«Այս պահին մի քանի կին գործիչներ պատրաստ են նախագահ դառնալ հենց վաղը: Ես իմ փոխնախագահի պաշտոնում կընտրեմ կին», - այս մասին նախկին փոխնախագահը հայտարարել է կիրակի երեկոյան Արիզոնա նահանգում տեղի ունեցած նախընտրական հերթական բանավեճի ընթացքում:
Նրա մրցակից սենատոր Բերնի Սանդերսը ևս չի բացառել, որ փոխնախագահի իր թեկնածուն ևս կին կլինի:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից մասնակցության հայտ էին ներկայացրել մի խումբ կին թեկնածուներ, նրանցից շատերը՝ Քամալա Հարիսը, Էլիզաբեթ Ուորենը համարվում էին ֆավորիտներ, սակայն մի շարք անհաջողություններից հետո նրանք դուրս են մնացել ընտրապայքարից:
Միացյալ Նահանգներում երբեք կին գործիչը չի եղել ոչ նախագահ, ոչ էլ փոխնախագահ: