Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի` հանրագումարով այս պահին ունենք հաստատված 28 դեպք:
«Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն` նա առողջացել է», - նշել է նախարարը:
Նշենք, որ վարակակիրների մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանադրության մասնակից է:
Ի դեպ, երեկ հաստատված դեպքերից մեկն էլ դպրոցահասակ երեխայի մոտ է գրանցվել, նրա համադասարանցիներն ու ուսուցիչները ևս մեկուսացվել են:
Իրանից Հայաստան ժամանած կորոնավիրոսով վարակված տղամարդը, ով մեկուսացվել էր մարտի 1-ից, երեկ կրկին թեստ էր հանձնել, որի պատասխանը բացասական է։ Իսկ Ծաղկաձորի «Գոլդել փելիս» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված՝ Իրանից Հայաստան եկած մյուս 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, նրանք վերադարձել են տուն։
Ի դեպ, վարչապետը կնոջ հետ Սևան էր տեղափոխվել՝ կառավարական առանձնատուն, ինքնամեկուսացել։ Մինչ այդ էլ ամուսինները կորոնավիրուսի թեստ էին հանձել։ Պատճառն այն է, որ Աննա Հակոբյանն օրերս հանդիպել էր Բրազիլիայի նախագահի կնոջը, և ըստ որոշ լրատվամիջոցների՝ նրա ամուսինը վարակված է կորոնավիրուսով։ Սակայն ավելի ուշ Բրազիլիայի նախագահն այդ լուրը հերքել էր։ Փաշինյան ամուսինների թեստի պատասխանը ևս բացասական է։
Վարչապետը երեկ կոչ արեց նաև նշանադրության մասնակիցների հետ շփված, որևէ այլ կերպ առնչվող քաղաքացիներին ինքնամեկուսանալ:
Պետությունը կմեկուսացնի նաև Եվրոպայից ժամանած բոլոր քաղաքացիներին։