Հայաստանում կորոնավիրուսի հաստատված արդեն 18 դեպք կա, որոնցից 11-ը Էջմիածնի հայտնի նշանադրության մասնակից է, նոր հայտնաբերված վարակակիրները նախապես մեկուսացված քաղաքացիների շրջանակից են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնեց նաև, որ Իրանից Հայաստան ժամանած կորոնավիրոսով վարակված տղամարդը կրկին թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է։ Քաղաքացին մեկ թեստ էլ կհանձնի, և եթե կրկին բացասական պատասխան լինի, նա դուրս կգրվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից։
Վարչապետը շնորհակալ է այդ քաղաքացուց, որ հենց առաջին իսկ ախտանշանի դեպքում դիմել է բժիշկներին։ «Փաստորեն, նրա գործողությունների արդյունքում մենք կարողացանք խուսափել այդ կոնկրետ իր հետ շփված մարդկանց շրջանակի միջոցով վարակի տարածումից», - ընդգծեց Փաշինյանը:
Իսկ Ծաղկաձորի «Գոլդել փելիս» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված՝ Իրանից Հայաստան եկած մյուս 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, նրանք վերադարձել են տուն։
« 28-ը արդեն, էսպես ասած, դուրս գրվեցին, վերադարձան իրենց առօրյա կյանքին, 2-ի մոտ, ցավոք, կորոնավիրուսը հաստատվեց, իսկ մեկի մոտ չհաստատվեց, բայց նա, քանի որ հաստատված դեպքերից մեկի ընտանիքի անդամ էր, նա կշարունակի մնալ մեկուսացման պայմաններում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, վարչապետը կնոջ հետ Սևան էր տեղափոխվել՝ կառավարական առանձնատուն, ինքնամեկուսացել։ Մինչ այդ էլ ամուսինները կորոնավիրուսի թեստ էին հանձել։ Պատճառն այն է, որ Աննա Հակոբյանն օրերս հանդիպել էր Բրազիլիայի նախագահի կնոջը, և ըստ որոշ լրատվամիջոցների՝ նրա ամուսինը վարակված է կորոնավիրուսով։ Սակայն ավելի ուշ Բրազիլիայի նախագահն այդ լուրը հերքել էր։ Փաշինյան ամուսինների թեստի պատասխանը ևս բացասական է։
Վարչապետը տեղեկացրեց՝ իրենք կարծում են, որ հաջողվել է մեկուսացնել հայտնի նշանադրության մասնակիցներին ու նրանց հետ առնչություն ունեցած քաղաքացիներին։ Ըստ Փաշինյանի՝ մոտ 200 մարդ արդեն մեկուսացվել է։ «Պետք է խնդրենք, չնայած արդեն իսկ ես ինֆորմացիա ունեմ Էջմիածնից, որ Էջմիածնի բնակչության մեծամասնությունը ինքնամեկուսացել է, այսինքն՝ որոշ ժամանակ անց, սիրելի էջմիածնեցիներ, ձեր շփումները սահմանափակեք, որպեսզի մենք վարակի տարածումը թույլ չտանք», - ասաց պետության ղեկավարը:
Վարչապետը կոչ արեց նաև նշանադրության մասնակիցների հետ շփված, որևէ այլ կերպ առնչվող քաղաքացիներին ինքնամեկուսանալ:
Պետությունը կմեկուսացնի նաև Եվրոպայից ժամանած բոլոր քաղաքացիներին։
Արտգործնախարարությունից հայտնում են, որ արդեն վաղը չարթերային չվերթով Հայաստան կժամանեն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիները։ Մյուս եվրոպական երկրներում գտնվող քաղաքացիների մասով կառավարությունը տարհանման որոշում դեռ չի կայացրել։
Չնայած արդեն Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները որոշում են կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել երկու երկրների միջև ցամաքային և օդային հաղորդակցությունը, սակայն այն չի ազդի իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների ու նրանց ընտանիքի անդամների վրա։ Կառավարությունից հայտնում են՝ Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը:
Հայաստանում գտնվող քաղաքացիներին կառավարությունը կոչ է անում շաբաթ-կիրակին անցկացնել տանը։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները։
Վարչապետն անդրադարձավ նաև տնտեսությանը, ասաց, որ իրավիճակը նաև որոշակի բարդություններ կստեղծի։ «Երեկ մենք քննարկում ենք ունեցել և նախորդ օրը քննարկում ենք ունեցել և ունենք շատ հստակ որոշում, որ մենք այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի լավ տնտեսական վիճակով, ավելի լավ տնտեսական հնարավորություններով, և հիմա կոնկրետ աշխատանքային խումբը աշխատում է, և երեկ իմ մոտ տեղի ունեցավ քննարկում, մենք արդեն կոնկրետ ուղղությունները որոշեցինք, թե ինչ պետք է անենք, որպեսզի տնտեսական պրոբլեմներ չունենանք կարճաժամկետ և երկարաժամկետ, կամ ունենալու դեպքում կարճաժամկետ դրանք հնարավորինս թեթև լինեն», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Ես վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով այս ճգնաժամը կհաղթահարենք, և դրա համար ամենակարևոր պայմանը այն վստահությունն է, որ կա կառավարության և հանրության միջև»:
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ավելացմանը զուգահեռ՝ ուսումնական հաստատություններից բացի, առնվազն մինչև մարտի 23-ը նաև մշակութային հաստատությունների՝ նախարարության ենթակայությամբ թատրոնների, համերգասրահների, ինչպես նաև թանգարանների և գրադարանների աշխատանքն է դադարեցվում։ Շատ մասնավոր կազմակերպություններ ևս դադարեցրել են աշխատանքը, կամ մարդիկ աշխատում են տանից։
Իսկ խանութներում, վարչապետի ներկայացմամբ, առայժմ աժիոտաժ չկա։