Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի նոր դեպքեր Հայաստանում, ընդհանուր թվով` 13


Ծաղկաձորի «Գոլդել փելիս» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, նրանք կարող են տուն գնալ: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, և ևս մեկ հոգի` նրանցից մեկի ընտանիքի անդամը, ով այս ընթացքում շփում է ունեցել, կմնա մեկուսացման մեջ, այսինքն` 2 հոգի կգնան հիվանդանոց, մեկը կմնա», - մանրամասնեց վարչապետը:

Նա հայտնեց նաև, որ ևս 3 քաղաքացու մոտ է ախտորոշվել կորոնավիրուս, նրանցից երկուսը մասնակից են եղել Էջմիածնում արված նշանդրեքին, նրանք մեկուսացված քաղաքացիների թվում են, ինչպես նաև կա ևս մեկ քաղաքացի` եկած Ֆրանսիայից, նրա մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս:

«Ընդհանուր կա 13 հաստատված դեպք, 13-ի մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են», - ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, իր հերթին, Ֆեյսբուքում գրում է, որ «բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»:

Վարչապետը նաև որոշ մանրամասներ փոխանցեց «Էջմիածնի արդեն հայտնի հայրենակցուհու հետ կապված, որը, անկեղծ ասած, զարմանալի է». - «Հաշվառումից հետո նրանց տուն այցելել են մասնագետները, բժիշկները, նա հավաստիացրել է, թե ոչ մի բողոք չունի, որից հետո մի քանի անգամ զանգել են, և ինքը և ամուսինը հավաստիացրել են, որ պրոբլեմ չունեն, նույնիսկ նրանց ասվել է, որ գան ջերմաչափում անելու ուղղակի, իրենք էլ ասել են մոտավորապես՝ «հո մենք հիվա՞նդ չենք, որ մեզ ջերմաչափեք»:

«Պրոբլեմն այն է եղել, կիսակոնֆլիկտային վիճակ է նույնիսկ եղել, և պրոբլեմն այն է եղել, որ գործնականում օրենքով լծակ չկա, որ պարտադրվի դա: Բայց հիմա հանձնարարել եմ ես Արդարադատության նախարարությանը, որպեսզի նման դեպքերի համար <....> որոշակի իրավական լծակներ ձեռք բերվեն, որպեսզի նման դեպքերում, երբ որ անհրաժեշտ լինի պարտադրել, նաև հնարավոր լինի պարտադրել», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև փոխանցեց, որ «այս պահի դրությամբ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը, Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի»: «Եվ մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG