Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 15-ի: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել», - գրում է նախարարը:
«Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ», - նաև փոխանցում է Թորոսյանը:
Հիշեցնենք, նախօրեին երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում 13 էր:
Այսօր ավելի ուշ Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մասնավորապես ասաց. - «Դա, իհարկե, վատ է, որ երկու ավել դեպք ունենք, բայց լավ է, որ հետազոտությունների մյուս մասը բացասական է, որովհետև դրանք ռիսկի խմբերում գտնվող անձինք էին: Եվ նաև ինչ առումով է դրական՝ որ կրկին նույն համաճարակաբանական խմբի պացիենտների մասին է խոսքը, այսինքն՝ կապված մի դեպքի հետ, հայտնի դեպքի հետ՝ Էջմիածին քաղաքի: Չեմ բացառում, որ այդ նույն խմբի հետ կապված նորից դրական դեպքեր լինեն, և նոից կրկնում եմ, որ դրանք լինելով նույն խմբից և արդեն ի սկզբանե մեկուսացված լինելով՝ շատ կանխատեսելի զարգացում է և կառավարելի զարգացում է»:
«Այս երկու նոր դեպքերն էլ եղել են մեր կողմից մեկուսացված անձանց շրջանում, ունեցել են թեթև ջերմություն, գանգատներ, տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ որ դրվել է ախտորոշումը թեստի միջոցով, այսինքն՝ նրանք ի սկզբանե մեկուսացված են եղել», - նշեց Թորոսյանը:
Այնուհետև նա մանրամասնեց մեկուսացման աշխատանքները. - «Մինչ օրս մոտավորապես ունենք արդեն մոտ 200 անձ մեկուսացված, տարբեր եղանակներով՝ թե՛ առանձին բնակավայրում և թե՛ շենքում ամբողջությամբ մեկուսացված: Տրամաբանությունը հետևյալն է՝ մեկուսացված անձինք պետք է պարտադիր շփված լինեն, սերտ շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ: Եվ կարող եմ ուրախությամբ ասել, որ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին, և էդ աշխատանքները շարունակվում են, և մեկուսացրել ենք նրանց և հույս ունենք, որ նրանց մոտ՝ մեկուսացվածների մոտ, իհարկե, դեպքեր չեն հայտնաբերվի, չի հաստատվի հիվանդությունը, սակայն եթե նույնիսկ հաստատվի էլ՝ նրանք արդեն մեկուսացված են: Այսինքն՝ կարելի է ասել, որ էդ առաջնակի պացիենտից հետո եղած շփումները և նրանցից հետո էլ եղած գրեթե բոլոր շփումները հայտնի են և մեկուսացված են»: